Խաղաղության համաձայնագրի տեքստում Բաքուն «զգալի առաջընթաց է» տեսնում |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թբիլիսիում, իր վրացի գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է Բայրամովը՝ միևնույն ժամանակ կրկին շեշտել, թե Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս առկա են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք էլ, նրա խոսքով, «գործընթացն ավարտին հասցնելու ամենալուրջ խոչընդոտն են»։

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ ասաց, որ Երևանն այժմ աշխատում է դրանց ուղղությամբ։ Նա դժվարացավ հստակեցնել՝ կողմերը մոտեցե՞լ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը, թե՝ ոչ՝ ընդգծելով, որ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչինչ համաձայնեցված չէ։

Թեև Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է մեկ ասվա ընթացքում խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, Բաքուն նոր թեմաներ է առաջ քաշում՝ պահանջելով Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ, իրավական ակտերում և խորհրդարանի կողմից ընդունված այլ փաստաթղթերում հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ կան։ Բաքուն, մասնավորապես, խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն