civilnet.am: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկն ու Հայաստանի կառավարությունը կստորագրեն «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը։ Դրանով ՀՀ-ին կտրամադրվի 102 միլիոն եվրոյի վարկ։
Կառավարությունը վարկային համաձայնագիրը հավանության կարժանացնի հուլիսի 18-ի հերթական նիստում։ Ծրագիրը ունենալու է երեք բաղադրիչ՝ բուժօգնության որակի բարելավում, առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում և առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում։
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից 15-ն արտոնյալ ժամանակահատվածն է։
Վարկային համաձայնագրին կից փաստաթղթերի փաթեթում որոշ փոփոխություններ է առաջարկել արտաքին գործերի նախարարությունը. մասնավորապես Program Appraisal Document оn а Proposed Loan (առաջարկվող վարկի ծրագրի գնահատման փաստաթուղթ) կոչվող փաստաթղթում Russia’s invasion of Ukraine (Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա) եզրույթն առաջարկվել է փոխել ու դարձնել war in Ukraine (պատերազմ Ուկրաինայում)։ Նույն փաստաթղթում conflict with Azerbaijan (Ադրբեջանի հետ հակամարտություն) եզրույթը ԱԳՆ-ն առաջարկել է դարձնել Azerbaijan’s military offensive against Nagorno-Karabakh (Ադրբեջանի կողմից ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի դեմ)։
ԱԳՆ-ի այս առաջարկները քննարկվել են ու, ըստ առողջապահության նախարարության, ներկայացվել է փոխզիջումային տարբերակ։