Տոյվո Կլաարի հայտարարությունները կողմնակալ են և հարված են հասցնում ԵՄ-ին․ Ադրբեջանի ԱԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Բաքուն արձագանքել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հարցազրույցում հնչած որոշ հայտարարություններին՝ մասնավորապես Ղարաբաղի հայերի վերադարձին առնչվող, և որակել դրանք «կողմնակալ, հարված այն կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»:

Jam-news-ի հետ զրույցում Կլաարը շեշտել է, որ երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն իր համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:

«Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է», – ասել է սեպտեմբերի 1-ին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունն ավարտող Կլաարը:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակի տեղակալ Վասիֆ Ալիևը, պատասխանելով Կլաարին, ասել է, թե «Հայաստանի պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»։

Ալիևը նաև ասել է, թե «ադրբեջանական կողմը հարգում է միայն այն հայազգի անձանց Ադրբեջան վերադառնալու մտադրությունը, ովքեր հարգում են իրենց երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով