Ռուսաստանը մի քանի հազար զինվոր է Ուկրաինայից տեղափոխել Կուրսկի մարզ․ CNN |azatutyun.am|

azatutyun.am: Կիևի հարձակմանը հակազդելու համար՝ Ռուսաստանն առնվազն հազար հոգանոց մի քանի բրիգադ է Ուկրաինայից տեղափոխել Ռուսաստանի Կուրսկի մարզ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հետախուզությանը մոտ կանգնած աղբյուրները։

Պաշտոնյաները նշել են, որ Ռուսաստանը հարյուր հազարավոր զորքեր ունի ուկրաինական ճակատում՝ ենթադրելով, որ մի քանի հազարի տեղափոխումը կարող է մեծ ազդեցություն չունենալ կարճաժամկետ հեռանկարում։

«Մենք դեռ որևէ էական տեղաշարժ չենք նկատել։ Չենք կարող ասել՝ նո՞ր են սկսում զորքերի տեղափոխությունը, թե՞ պարզապես տեղափոխելու բան չունեն», – ասել է CNN-ի անանուն աղբյուրը։

Զրուցակիցներից մեկը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանն ուժեղացնում է Կուրսկի մարզի պաշտպանությունը հիմնականում ժամկետային զինծառայողների հաշվին։ Օրեր առաջ ուկրաինական կողմը հաղորդել էր, որ մեկ օրվա ընթացքում ուկրաինացի զինվորականները գերի են վերցրել ավելի քան 100 ռուս զինվորականի։ Մոսկվան այս տեղեկությունները չի հաստատել, սոցիալական ցանցերում, սակայն, բազմաթիվ հաղորդումներ են տարածված, որ գերիների թվում կան ժամկետային զինծառայողներ։

Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, հղում անելով հետախուզության տվյալներին, նաև ասել է, որ Ռուսաստանը, բացի Ուկրաինայում ստորաբաժանումներից, Կուրսկի մարզ է ուղարկել բրիգադներ Լենինգրադի ռազմական օկրուգից և Կալինինգրադից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter