azatutyun.am: Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը վստահեցնում է՝ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ Ադրբեջանի կապի համար՝ ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանը արտապատվիրակելով Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը չի խախտվում:
«Ընկերությունը կարող է ուղղակի սպասարկել», – «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց նա։
Վարչապետ Փաշինյանն օրերս հայտարարեց, թե պատրաստ են ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ Նախիջևանի հետ կապի համար` առանց Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը կասկածի տակ դնելու: Իբրև տարբերակ Փաշինյաննն առաջին անգամ խոսեց անվտանգության ապահովման գործառույթը մասնավոր պահնորդական կազմակերպությանն արտապատվիրակելու մասին։ Վարչապետը մանրամասներ չնշեց, միայն ասաց, թե հայկական կողմի այս ընկալումը դրական է ընդունվում և՛ Բաքվում, և՛ Մոսկվայում։
«Անվտանգության ապահովման լրացուցիչ գործառույթներ կարող են իրականացնել նաև ՀՀ-ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպություններ», – ասել էր նա։
Փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանն այսօր վստահեցրեց՝ դեռ պարզ չէ, թե ինչ պահնորդական կազմակերպության մասին է խոսքը, բայց պնդեց՝ մասնավոր այդ կազմակերպության հետ ճանապարհին վերահսկողություն պետք է իրականացնեն նաև Հայաստանի մաքսային և սահմանապահ ծառայողները։
«Ազատություն». – Եթե հայկական կողմում այդ մասնավոր պահնորդական մասնավոր ընկերությունը լինի, Ադրբեջանում էլ պե՞տք է համապատասխանաբար այդպիսի ընկերություն կանգնի:
Մնացական Սաֆարյան. – Այո՛։
«Ազատություն». – Ազգությամբ ոչ հայե՞ր պետք է լինեն այդ կազմակերպությունում։
Մնացական Սաֆարյան. – Հավելյալ տեղեկություն չկա:
«Ազատություն». – Երբ մասնավոր ընկերությանն է արտապատվիրակվում այդ վերահսկողությունը, սրանով ինքնիշխանության սկզբունքը չի՞ խախտվում:
Մնացական Սաֆարյան. – Խոսվել է միայն հնարավորության մասին դրա։
Ո՛չ, իհարկե:
«Ազատություն». – Ինչպե՞ս, եթե Հայաստանի մաքսավորն ու սահմանապահը չեն իրականացնելու հսկողություն:
Մնացական Սաֆարյան. – Դա կախված է մանրամասներից: Ընկերությունը ուղղակի կարող է սպասարկել:
«Ազատություն». – Իսկ Հայաստանի մաքսավորը և սահմանապահը կանգնելո՞ւ են այդ ճանապարհին:
Մնացական Սաֆարյան. – Այո՛, իհարկե:
«Ազատություն». – Դուք վստահեցնո՞ւմ եք, որ եթե նույնիսկ այդ մասնավոր պահնորդական կազմակերպությունը իրականացնի հսկողություն, միևնույն է՝ հայ մաքսավորն ու սահմանապահը ունենալու են վերահսկողություն:
Մնացական Սաֆարյան. – Այո, իհարկե: «Խաղաղության խաչմերուկի» սկզբունքները նույնն են, որևէ բան չի փոխվել։
«Ազատություն». – Ինչո՞ւ եք այդ դեպքում ուրեմն մասնավորին պատվիրակում նման ֆունկցիա:
Մնացական Սաֆարյան. – Խոսվել է դրա հնարավորության մասին ուղղակի, դրա մանրամասները դեռևս պարզ չեն։
«Ազատություն». – Պայմանավորվածություն չունե՞ ք նախնական:
Մնացական Սաֆարյան. – Ոչ:
«Ազատություն». – Քանի որ Ադրբեջանը պնդում է, որ հայերը չպետք է լինեն, նշանակո՞ւմ է արդյոք, որ մասնավոր պահնորդական ընկերությունը պետք է լինի օտարազգի:
Մնացական Սաֆարյան. – Ոչ մի մանրամասն չկա:
Ընդդմիությունից մինչդեռ պնդում են՝ խոսելով Հայաստանի սահմանին ինչ-որ մասնավոր ընկերությանն անվտանգության գործառույթներ արտապատվիրակելու պատրաստակամության մասին, Հայաստանի իշխանությունը իրականում կատարում է Բաքվի հերթական պահանջը։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։