Պարույր Հովհաննիսյանը և Անդորրայի խորհրդարանի նախագահն անդրադարձել են խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ-ի քայլերին

Սեպտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Անդորրայի Իշխանապետության խորհրդարանի նախագահ Կառլես Էնսենյատ Ռեիգի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անդորրայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների և շփումների ակտիվացումը: 

Մտքեր են փոխանակվել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային կառավարման, առևտրատնտեսական, զբոսաշրջության և այլ ոլորտում փորձի փոխանակման և երկկողմ համագործակցության շուրջ: 

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մանրամասներ՝ վերահաստատելով Հարավային Կովկասում կայունության հաստատման հարցում հայկական կողմի շահագրգռվածությունը և ընդգծելով խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներ չառաջացնելու և պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք այլ հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով