tert.am: ԱՄՆ նախագահի վարչախումբն ուսումնասիրում է Մերձավոր Արևելքում ռազմական ներկայության մեծացման հնարավորությունը՝ Իրանին հակազդելու համար այդտեղ 14 000 զինվորական և տասնյակ նավեր տեղակայելու միջոցով: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում տալով ամերիկյան անանուն պաշտոնյաների:
Հաղորդվում է, որ այս հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կկայացնի դեկտեմբերին: Ընդ որում թերթի զրուցակիցները նշում են, որ Թրամփը կարող է հաստատել նաև ավելի քիչ թվով զինվորականների տեղակայումը:
Նախատեսվում է, որ ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումը Մերձավոր Արևելքում կարող է զսպող միջոց հանդիսանալ այն դեպքում, եթե Իրանը փորձի արձագանքել ամերիկյան պատժամիջոցների խստացմանը, գրում է պարբերականը: Այնուամենայնիվ, որոշ պաշտոնյաներ, ընդհակառակը, կարծում են, որ այսկերպ իրավիճակն ավելի կսրվի: