Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա է տեղի ունեցել․ քաղաքացիների մի խումբ՝ Արթուր Չախոյանի նախաձեռնությամբ իր բողոքն է հայտնել Երևանի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ։
Չախոյանի խոսքով՝ նոր հատակագծով նախկինում չօտարվող հողերը արդեն ենթակա են օտարման։ Նա նշեց, որ ակցիայով պահանջում է, որ քաղաքապետարանից լիազոր պաշտոնյա իջնի, և պատասխանի իր հարցերին։
Նա նշեց՝ քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել, որի հետևանքով Երևանի կանաչ տարածքները նվազել ու են, ենթակա են դառնալու օտարման․ «Ես հասկանում եմ, որ Երևանի քաղաքապետարանը շատ է սիրում կանաչեղեն, ես քաղաքապետարանին կնվիրեմ իրենց սիրած կանաչ գոտիները», – ասաց Չախոյանը՝ դոլարներ փակցնելով քաղաքապետարանի դռանը։
Ոստիկանության ծառայողները հեռացրին թղթադրամները դռան վրայից, րոպեներ անց Չախոյանը նորից սկսեց փակցնել դրանք։ Ոստիկանները նորից մոտեցան Չախոյանին, փոքր միջադեպից հետո Չախոյանը բերման ենթարկվեց։