factor.am: Մինչ Կառավարության նիստի մեկնարկը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ երեխաների ապօրինի որդեգրման դեպքին։ Նա նկատեց, որ երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց։ «Ճիշտն ասած՝ օգոստոսի 16-ին, հաշվի առնելով նամակները, ահազանգերը, Կառավարությունում խորհրդակցություն անցկացրեցինք և տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը, անկեղծ ասած, մարդկայնորեն չէի կարող հավատալ, որ կլինեն բացահայտումներ։ Փաստը մնում է փաստ, որ ունենք ձերբակալված անձինք»,- ասաց Փաշինյանը։
Ապա նա, դիմելով Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, հետաքրքրվեց․ «Պարոն Գրիգորյան, ի՞նչ կարող եք ասել, այդ կասկածները դառնալո՞ւ են մեղադրանք առաջադրելու որոշում և ի՞նչ տեղեկություն կարող եք հայտնել գործի մասին»։ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ 2 շաբաթ առաջ այս գործով ձերբակալվել էր ևս մեկ անձ, որին այս պահին մեղադրանք է առաջադրված, երեկ ձերբակալվել են ևս 4 անձինք։
«Ապացույցների համակցությունն այս պահին բավարար է նրանց մեղադրանք առաջադրելու Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասով՝ ծնողներից երեխաներին ապօրինի բաժանելը։ Գործով կատարվել են մի շարք խուզարկություններ, ԱԱԾ-ի, Ոստիկանության, Դատախազության գործընկերների հետ համատեղ այդ գործով զբաղվում ենք։ 2012 թվականից առ այսօր բոլոր փաստաթղթերն առգրավվել են։ Կատարվելու է քննություն, ունենք մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց այդ հանցանքը կատարելու մեջ։ Մոտ օրերս այդ անձանց նշված հոդվածով կառաջադրվեն մեղադրանքներ, կընտրվեն խափանման միջոցներ»,- տեղեկացրեց Գրիգորյանը։