tert.am: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը մեկնաբանել է օրերս ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը:
ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, որ ամերիկյան կառավարության դիրքորոշումը չի փոխվել բանաձևի ընդունումից հետո:
«Իշխանությունների դիրքորոշումը չի փոխվել: Մեր դիրքորոշումն արտացոլված է ապրիլին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության մեջ»,- հայտնել են Թուրքիայիում ԱՄՆ դեսպանատնից:
2019 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հայտարարության մեջ 1915 թվականին իրականացված ցեղասպանությունը բնութագրել է «Մեծ եղեռն»՝ ձեռնպահ մնալով «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը:
Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:
Նշենք, որ բանաձևն օրենքի պարտադիր ուժ չունի, այն արձանագրում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ընկալմանը։