ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին:
 
«Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին: Շնորհակալություն»,- հայտնել է վարչապետը:
 
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

«1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է նա:

Նախկին երեք նախագահները մերժել են վարչապետի առաջարկը։

«Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը.

«Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր   2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը:

Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,- հայտնեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը արձագանքելով վարչապետի առաջարկին ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:
 
Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:
 

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին:

«Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։

2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի:

Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»,-ասվում է պատասխանում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն