Ամուլսարի հարցում սրություն և տարակարծություններ չկան. Ալեն Սիմոնյան |aysor.am|

aysor.am: «Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է Ամուլսարի հարցը, հնչել են կարծիքներ, ներկայացվել է առկա իրավիճակը, լրագրողների հետ այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սրություն չկա. քննարկումը շատ ավելի համերաշխ է անցել։ Եզրահանգում չկա։ Եթե եզրահանգում լինի, հանրությունն այդ մասին կիմանա», – ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ է որոշվել հարցը հենց այսօր քննարկել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ քննարկումը կարող էր լինել այսօր կամ վաղը, սովորական աշխատանքային քննարկում է։

Լրագորղները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք հարցի շուրջ խմբակցությունում առկա տարակարծությունները փարատվել են։

«Տարակարծություն չէ։ Բովանդակայն քննարկման ֆորմատ է եղել։ Սա կառավարության տիրույթում գտնվող հարց է, կառավարությունը պետք է որոշում կայացնի, իսկ խմբակցությունը քաղաքական հենարան է։ Այս քննարկումները հենց նրա համար են, որ կողմ և դեմ մարդկանց լսենք և ճիշտ որոշում կայացնենք։ Նպատակը մեկն է՝ պարզաբանել, թե որ որոշումն է ամենաճիշտը», – նիստի ընթացքը ներկայացրեց ՔՊ վարչության անդամը։

Ալեն Սիմոնյանը միաժամանակ չբացառեց ինչպես հանքի շահագործման, այնպես էլ չշահագործման տարբերակները։

«Ինչպես չենք կարող վտանգի տակ դնել մեր բնությունն ու անվտանգությունը, այնպես էլ՝ պետության վարկանիշը և մնացած բոլոր հարցերը», – ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով