Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է՝ առավել զորացնելու մեր հոգիները. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի մեկանարկի առիթով

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է՝ առավել զորացնելու մեր հոգիները. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Մեծ պահքի մեկանարկի առիթով

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Այս մասին նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Մեծ պահքի մեկանարկի առիթով իր ուղերձում: 

«Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է առավել զորացնելու մեր հոգիները, ամրապնդելու մեր կամքը, սրբվելու մեղքից, մերժելու արատավոր ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով և ապրելու Աստծո պատվիրաններով: Պահքի աղոթական պտուղը մաքրությունն է սրտի, որը ձգտում է կատարելության՝ ըստ տերունական կոչի. «Կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5.48)։

Այսպես կարող պիտի լինենք, ունկնդիր Մեծ Պահքի խորհրդին և Պահոց կիրակիների պատգամներին, հաստատելու մեր կյանքը աստվածապատվեր սիրո, արդարության ու բարության շավիղներում։ Յուրաքանչյուր հավատացյալի աստվածահաճո կենցաղավարությամբ է նաև, որ հավելվում է մեր ժողովրդի ներուժը՝ Տիրոջն ապավինած դիմագրավելու առկա մարտահրավերները և դառնալու զորեղ ազգ ու պետություն։

Հայցենք, որ Փրկչի Սուրբ Հարության կենարար շնորհներով վերափոխվենք և շեն ու պայծառ դարձնենք ազգային մեր կյանքը։ Թող Աստծո ամենախնամ Սուրբ Աջի ներքո խաղաղ ու անվտանգ լինի մեր հայրենիքը, և բարօր ու ապահով՝ համայն մեր ժողովուրդը ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ. ամեն»,- ասված է վեհափառի ուղերձում: 

Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով 2025 թվականի մարտի 3-ին մեկնարկում է 48-օրյա Մեծ Պահքը։ Սուրբ Հարության (Զատիկ) տոնը ապրիլի 20-ին է: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն