Վարչապետ Փաշինյանի մոտ քննարկվել են Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

Վարչապետ Փաշինյանի մոտ քննարկվել են Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման ռազմավարական ծրագրի հաշվետվությունը՝ 2024թ. իրականացված աշխատանքները: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է ծրագրով սահմանված թիրախները և դրանց ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքները: Մասնավորապես, բազային տարածական տվյալների շտեմարանի ճշգրտում, արդիականացում, օպտիմալացում և ստանդարտացում թիրախի ապահովման նպատակով իրականացվել են հետևյալ աշխատանքները՝ կադաստրային քարտեզների ուղղում, աշխարհագրական անվանումների տեղեկատվական բազայի թարմացում, չտեղադրված գույքերի նույնականացում և տեղեկատվական բազայի ճշգրտում, բազային քարտեզագրական շերտերի (մակերևութային ջրեր, ռելիեֆ և տրանսպորտային ցանց) ստանդարտացում և մուտքագրում գեոպորտալ: 

Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է՝ իրականացվել է 500 բնակավայրի կադաստրային քարտեզների ուղղում, որից 156-ը՝ 2024 թվականին: Աշխատանքների ավարտը նախատեսված է 2026թ. մարտին:

Հաշվետու տարում իրականացվել են գրանցման տվյալների բազայի և կադաստրային քարտեզների անհամապատասխանությունների ավտոմատացված եղանակով հայտնաբերում և ուղղում: Մշակվել է ավտոմատացված ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս գույքերի գրանցման տվյալները համեմատել քարտեզագրական շերտերի հետ և հայտնաբերել անհամապատասխանությունները: Նախատեսվում է համակարգը ներդնել գրանցման համակարգում՝ հայտնաբերված անհամապատասխանությունների վերաբերյալ տեղեկատվությունը ռեգիստրին անմիջապես տրամադրելու նպատակով։ 2024թ. ընթացքում նույնականացվել է շուրջ 20000 միավոր գույք և ըստ անհրաժեշտության տեղադրվել կադաստրային քարտեզներում: 2025թ. ընթացքում նախատեսվում է ևս 5000 գույքի նույնականացում:

2024թ. կատարվել է օրթոֆոտոհատակագծերից բազային քարտեզագրական շերտերի թվայնացում և ստանդարտացում՝ Արմավիրի մարզի տարածքի բազային քարտեզագրական շերտերի մուտքագրում գեոպորտալ, Արարատի մարզի՝ շուրջ 200,000 հա մակերեսով տարածքի ռելիեֆի քարտեզագրական շերտի ստեղծում և ստանդարտացում: 2025թ. ընթացքում նախատեսվում է գեոպորտալ մուտքագրել Արարատի և Շիրակի մարզերի բազային շերտերը, ավարտել ՀՀ ամբողջ տարածքի «Ռելիեֆ» բազային քարտեզագրական շերտի ստեղծման, ստանդարտացման և գեոպորտալ մուտքագրման աշխատանքները:

Անցած տարի Ազգային գեոպորտալում ներդրվել է աշխարհագրական օբյեկտի համար ինքնաշխատ եղանակով անվանման անձնագրի ձևավորման համակարգը։ 2025թ. նախատեսվում է շուրջ 10000 ՀՀ աշխարհագրական անվանումների անձնագրերի կազմում և տվյալների թարմացում: Զեկուցվել է, որ ներկայումս Ազգային գեոպորտալում արտացոլված են մի շարք գերատեսչությունների ներկայացրած տվյալներ: Հաշվետու տարում մեկնարկել են նաև միջազգային ստանդարտներին համապատասխան նոր բազմաֆունկցիոնալ ազգային գեոպորտալի ներդրման աշխատանքները: 

Ստեղծվել է Հասցեների միասնական ռեեստր. 2023թ. ընթացքում իրականացվել է շուրջ 1 մլն հասցեների ստանդարտացում, տարածական կապակցում և տեղեկատվական բազայի ստեղծում։ 2024թ. ռեեստրի բազան համալրվել է ևս 200000 հասցեով, այս տարի նախատեսվում է ստանդարտացված և ճշգրտված հասցեների բազան համալրել ևս 40000 հասցեով։ 

Զեկույցի հիման վրա ծավալվել է քննարկում, մտքեր են փոխանակվել ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի, իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է ոլորտում կատարված աշխատանքը և ընդգծել բոլոր ուղղություններով շարունակական լավարկման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը: Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է պլատֆորմը կայացնել, տվյալները ներբեռնել և սահմանել դրա կառավարման հիմունքները: Ընդգծվել է, որ այդ տվյալները կարող են օգտակար լինել նաև ներդրումների միջավայրի բարելավման համար: Այդ համատեքստում ընդգծվել է հարթակի որոշ տվյալների կոմերցիալիզացիայի անհրաժեշտությունը: «Ակնհայտ է, որ ժամանակակից աշխարհում ամենապահանջված ապրանքը տվյալն է», – ասել է վարչապետ Փաշինյանը և համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել հարթակը լրացնել իրենց համակարգման ոլորտներում առկա տվյալներով: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն