«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատապարտել է ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից կին լրագրողի նկատմամբ ԱԺ-ի շենքում ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը, մասնավորապես՝ «մաքրեք Ձեր շրթունքները» արտահայտությունը: Կոալիցիան հանդես է եկել հայտարարությամբ․
«Մենք՝ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», խստորեն դատապարտում ենք ԱԺ պատգամավոր, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից կին լրագրողի նկատմամբ ԱԺ-ի շենքում ցուցաբերած ոչ պատշաճ վերաբերմունքը, մասնավորապես՝ «մաքրեք Ձեր շրթունքները» արտահայտությունը:
Այս խոսքը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է լրագրողի մասնագիտական գործունեության նկատմամբ, այլև սեռական բնույթի նվաստացում, որը վերարտադրում է խտրական ու հայրիշխանական վերաբերմունքը կանանց հանդեպ: Հանրային պաշտոնյաները պարտավոր են դրսևորել հարգալից ու պատասխանատու վերաբերմունք՝ անկախ լրագրողի սեռից, դիրքից կամ հարցերի բովանդակությունից:
Անդրանիկ Քոչարյանն այսպիսով շարունակում է կանանց թիրախավորելու իր խիստ դատապարտելի վարքագիծը, որը նախկինում ևս դրսևորվել է կին լրագրողների նկատմամբ։
Այսպիսի պահվածքը հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, խոսքի ազատությանն ու լրագրողների պաշտպանվածությանը, ուստի պահանջում ենք համապատասխան մարմիններից արձագանք այս դեպքին և քայլեր՝ նմանօրինակ դեպքերի կանխարգելման ուղղությամբ:
Կոչ ենք անում պետական պաշտոնյաներին գիտակցել իրենց խոսքի և գործողությունների հետևանքները և խստորեն պահպանել լրագրողների և բոլոր քաղաքացիների արժանապատվությունն ու իրավունքները՝ առանց խտրականության»: