«Հետաձգելու ռեկորդակիր կառավարություն». Փաշինյանը քննադատեց բարեփոխումների դանդաղ ընթացքը |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 30-ի կառավարության նիստում անդրադարձավ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ընթացքում առաջացած խնդիրներին՝ արձանագրելով, որ պետական համակարգը չի հավատացել դրա իրականացմանը։

«Երբ մենք համընդհանուր հայտարարագրման համակարգն էինք ներդնում, պարզ էր, որ մեզ անհրաժեշտ է լինելու 400-500 հազար նույնականացման քարտ։ Բայց 2025 թվականի հունվարի դրությամբ թողարկման հնարավորությունը ամսական ընդամենը 10 հազար էր։ Այսինքն՝ հունվարի 1-ին մենք արդեն գիտեինք, որ 400 հազար մարդ պետք է այդ քարտն ունենա՝ հայտարարագիր լրացնելու համար, սակայն թողարկման կարողությունը շատ ցածր էր։ Եվ դրա մասին ես տեղեկացել եմ ուշ»,- ասաց վարչապետը։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ արդեն տպագրվել է շուրջ 82 հազար նույնականացման քարտ։ Ըստ նրա՝ Երևանում և մարզերում մոտ 56 հազար քաղաքացի սպասում է, որպեսզի դիմի անձնագրային բաժանմունք։

Փաշինյանն ընդգծեց՝ իրավիճակը պայմանավորված է համակարգի ներսում դիմադրությամբ։

«Ես համոզված եմ, որ մեր շատ գործընկերներ մտածել են՝ որոշել են, բայց հո չեն անելու։ Ասել են՝ կգա ժամանակը, հետաձգվելու է․ քաղաքական իրավիճակն էլ այլ է, հաջորդ տարի ընտրություններ են, կառավարությունն էլ կփոխվի»,- ասաց նա։

Վարչապետն ավելացրեց, որ տասնյակ դիմումներ է ստացել համակարգի ներդրումն էլի հետաձգելու համար։

«Եթե համակարգի ներդրումները հետաձգելու աշխարհի առաջնություն լիներ, մեր կառավարությունը առաջին տեղը կբռներ՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։ Ինչքան մեդալ կա, կհավաքեինք»,- հեգնեց Փաշինյանը։ Նա հայտարարեց, որ չի հետաձգելու բարեփոխումները․ «Որ նախարարը եկավ ու ասաց՝ հետաձգենք, աշխատանքից ազատվելու է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով