Արթուր Չախոյանն ազատ է արձակվել ձերբակալումից և շարունակելու է հոսպիտալացված մնալ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառումով տեղեկացրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։
Նա կշարունակի հոսպիտալացված մնալ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Բ/Կ ֊ում։
Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։
Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու», – նշվում է փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև, որի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։