Գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը հրապարակել է հոդված՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի վերաբերյալ։
Հոդվածի թարգմանությունը ներկայացնում ենք ստորև։
Հայաստանի լեռներում` Ջերմուկի առողջարանային կենտրոնում, գտնվում է ոսկու հանքավայր, որի շահագործումը, ըստ տեղի բնակչության, սպառնում է երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր աղբյուրին ու ամբողջ էկոհամակարգին:
Հայաստանի հարավ-արևելքում գտնվող Ջերմուկը երկար ժամանակ հայտնի էր իր տաք աղբյուրներով, հանքային ջրաբուժությամբ ու տպավորիչ ջրվեժներով։ Սակայն այն պահից, երբ «Լիդիան ԻՆթերնեյշնլը» հայտարարեց, որ այս տարածքում պատրաստվում է շահագործել ոսկու հանքավայր, այս վայրի մասին սկսեցին խոսել նաև այլ պատճառներով։
2018թ․ հունիսից ակտիվիստները՝ ողջ Հայաստանի տարածքից, ոտքի կանգնեցին ու իրենց բողոքի ձայնը բարձրացրին ընդդեմ հանքի, որն, իրենց խոսքերով, կաղտոտի իրենց հողն ու ջուրը։ Գիշեր ու ցերեկ տևած շրջափակման արդյունքում հաջողվեց լիովին դադարեցնել շինարարությունը։
Մեկ տարի անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը դեռ թարմ է պահում Թավշյա հեղափոխության ուժը, հայտնվեց երկու կողմերի ճնշման ներքո։ Մի կողմից լայնածավալ շարժումն է, որը հանքը ընկալում է որպես նախկին կոռումպացված ռեժիմի հետևանք, մի ռեժիմ, որից կարողացան ազատվել ընդամենը մեկ տարի առաջ, մյուս կողմից՝ Մեծ Բրիտանիայում գրանցված կազմակերպություն, որն իրականացնում է Հայաստանի խոշորագույն ներդրումային ծրագիրը։
Աղտոտված լճեր ու արոտավայրեր
Նախքան Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները սկսելը «Լիդիանը» հույսը դրել էր կոռումպացված իշխանության աջակցության վրա։ Տեղացիները պատմում են, որ իրենց առաջ դրվել էր երկընտրանք՝ կա՛մ վաճառել իրենց օրվա ապրուստն ապահովող արոտավայրերն ու մշակվող հողերը, կա՛մ դրանք ամեն դեպքում բռնագրավվելու են։ Ջերմուկի բնակիչ Ահարոն Արսենյանը, որը ընկերությանն ընդիմանում է 2012թ․-ից սկսած, պատմում է․ «Գյուղացիները չգիտեն, թե ուր ուղարկել արածելու իրենց կովերին ու ոչխարներին, ուստի ստիպված են դադարել զբաղվել գյուղատնտեսությամբ»։
Երբ 2017թ․ հանքափորները հայտնվեցին Ամուլսարի տարածքում, տեղացիները հասկացան, որ իրավիճակը վատթարանում է։ Արսենյանն ասում է, որ հենց քամի էր լինում, փոշի էր բարձրանում․ «Ամեն անգամ։ Մենք երբեք, երբեք չէինք տեսել այդ քանակի փոշի»։
Ջերմուկի ու մոտակա Գնդեվազ գյուղի բնակիչները պատմում են, որ շինարարությանը զուգահեռ սև, ցեխոտ ջուր է սկսել հոսել իրենց ծորակներից։ Տարածքում գործող ձկնաբուծական ֆերմաների աշխատակիցներն ասում են, որ այս ընթացքում ձկները սկսել են հարյուրներով սատկել, ինչն աննախադեպ է։
Իսկ այն գյուղացիները, որոնք չեն վաճառել իրենց հողատարածքները, պատմում են, որ բերքը շատ ավելի քիչ է, քանի որ կենդանիները հրաժարվում եմ արածել փոշոտ արոտավայրերում։
Իրարամերժ գնահատակններ
Ամենամեծ խնդիրը, սակայն, մնում է այն հարցը, թե ինչ կլինի, եթե հանքը սկսի շահագործվել, և արդյո՞ք Հայաստանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը չի վտանգվի։
Արսենյանն իր քաղաքն անվանում է «ջրի մայրաքաղաք»։ Ջերմուկն ու հանքը տեղակայված են Արփա ու Որոտան գետերի ակունքներում, որոնք իրենց հերթին սնուցում են Սևանա լիճը։ Սևանա լիճը խմելու ջրով է ապահովում Հայաստանի բնակչության մեծամասնությանը, ինչպես նաև՝ ձկնամթերքով։

Համաձայն «Լիդիան»-ի կողմից իրականացված առաջին ՇՄԱԳ-ի, որը հրապարակվել է 2016թ․, կեղտաջրերի արատահոսքը կլինի մինիմալ ու կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ ջրի որակի ստանդարտների ապահովման ուղղությամբ։ Այլ անհանգստացնող հանգամանքները՝ աղմուկ, փոշի, աղտոտում, ևս կլինեն կառավարելի մակարդակի վրա։ Ընկերությունը նաև ասել է, որ կփոխհատուցի հասցված բոլոր էկոլոգիական վնասները՝ օգնելով հիմնել նոր ազգային պարկ։
Սակայն, երբ ընկերությունը դիմեց ամերիկահայ ինժեներ–երկրաքիմիկոս Հարութ Բրոնոզյանին, որպես հավանական ներդրող, նա իր ունեցած կասկածները փարատելու համար պատվիրեց սեփական ՇՄԱԳ-ը։
Բրոնոզյանի խորհրդատուներն ասում են, որ «Լիդիան»-ը շատ է թերագնահատել նախագծի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, ինչը գրեթե միանշանակ կաղտոտի Սևանա լիճը և այլ ջրային ռեսուրսներ, քանի որ քիմիական նյութերը, ներառյալ մկնդեղն ու ցիանիդը, դարերով են մնում հողում ու ջրում՝ վտանգելով և՛ ջրային պաշարները, և՛ մարդկային կյանքը։
«Բալկանյան վայրի բնության հասարակություն» բնապահպանական ՀԿ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծի իրականացման դեպքում բարձր է հավանականությունը, որ այն կվտանգի վերացման եզրին կանգնած կենդանական տեսակները ինչպիսին, օրինակ, կովկասյան ընձառյուծն է։ ՀԿ-ն նաև «Լիդիան»-ի առաջարկած պարկի գաղափարն անվանում է «կենսաբազմազանությանը վտանգող շատ բացասական օրինակ»՝ ավելացնելով, որ հանքավայրը չի համապատասխանում հայկական ու եվրոպական բնապահպանական չափանիշերին։
Ջուրը մեր ոսկին է
Գալֆայանն ասում է, որ թեև տեղացի բնակիչները մտահոգված էին, երբ Լիդիանը հայտնվեց տարածքում ավելի քան 10 տարի առաջ, քչերն էին համարձակվում խոսել, որովհետև 2008թ․ մարտի արյունահեղությունը Երևանում ստեղծել էր սարսափի ու ճնշումների մթնոլորտ։ Ըստ ՀԲՃ-ի՝ «Լիդիան»-ի բաժնետերերի մեջ կային նաև կառավարության անդամներ։
2018թ․ ապրիլին ամեն ինչ փոխվեց։ Ոգևորված հասարակական անհնազանդության հաղթանակով՝ Ջերմուկի ու շրջակա գյուղերի բնակիչները սկսեցին հանքի շրջափակումը։ «Մեր ջուրը մեր ոսկին է» բառերը դարձան կոռուպցիայի դեմ պայքարող հանրային շարժման կարգախոս։ Ամեն անգամ, երբ Լիդիանը կիրառում էր նոր իրավական մեխանիզմ, որպեսզի կառավարությանը ստիպի բացել ճանապարհները, սկսում էր մի մեծ ավտոերթ․ մարդիկ իրենց մեքենաներով գալիս էին Ջերմուկ Հայաստանի բոլոր մասերից։
Բարձր խաղադրույքներով խաղ
Փաշինյանի կառավարությանը, սակայն, չհաջողվեց ո՛չ չեղարկել նախորդ կառավարության կողմից տրամադրված արտոնագիրը, ո՛չ էլ բացել շրջափակումը։ Նրանք հայտատարարեցին, որ անհրաժեշտ է նոր աուդիտ՝ որոշելու, թե արդյո՞ք պետք է թույլ տալ, որպեսզի հանքը շահագործվի։
Այս իրավիճակը ծանր հարված հասցրեց «Լիդիան»-ին։ 2018թ․ կազմակերպությունը հայտարարել է, որ շրջափակման հետևանքով ունեցել է ավելի քանի 42 միլիոն դոլարի կորուստ, իսկ ընդհանուր կորուստները կազմում են 136 միլիոն դոլար։
Մարտին «Լիդիան»-ը զգուշացնում է Հայաստանի կառավարությանը, որ եթե իրավիճակը չլուծվի, ընկերությունը կդիմի արբիտրաժային դատարան։ Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝ ընկերությունը պատրաստվում է 2 միլիարդ կորուստի հայտ ներկայացնել, ինչը կազմում է երկրի բյուջեի 2/3-ը։
Հուլիսին հրապարակվում է կառավարության կողմից պատվիրված Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը, ըստ որի՝ հանքի շահագործումն անվտանգ է։ Հետագա շաբաթների ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ փոխել է իր դիրքորոշումը՝ սկսած պնդումներից, որ հանքն անվտանգ է, մինչև կասկածի տակ դնելը կառավարության պատվիրած եզրակացության դրական լինելը։
Սեպտեմեբրի 7-ին վարչապետը կազմակերպել է հանդիպում ակտիվիստների ու «Լիդիան»-ի ժամանակավոր տնօրեն Էդվարդ Սելլերսի հետ, որի ընթացքում վերջինս երաշխավորել է, որ թույլ կտա անցկացնել անկախ մոնիտորինգ հենց տեղում՝ գործունեության ընթացքում։ 2 օր անց Փաշինյանն իր Ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ է արել շրջափակողներին բացել ճանապարհները։
Գալֆայանն ասում է, որ հանքի շահագործման դեմ պայքորողները ոչ միայն չեն բացելու ճանապարհները, այլև շարունակելու են այն ավելի լայն ճակատով, ներառյալ՝ երթերի կազմակերպում մայրաքաղաքում։
Միաժամանակ, Ջեյն Բլեյբոկը, որը ներկայացնում է Global Justice Now շարժումը, մեզ հետ զրույցում նշեց, որ արբիտրաժային դատարանի դատական գործընթացը գաղտնի է տեղի ունենում և կա հավանականություն, որ «Լիդիան»-ն արդեն ներկայացրել է իր հայցը։
Բեյլոկն ասում է․ «Արբիտրաժը անթերի գործիք է, որով միջազգային կորպորացիաները ճնշում են գործադրում կառավարությունների վրա։ Փոխհատուցումները կարող են հսկայական լինել, արբիտարաժ է, շատ նեղ է դիտարկում հարցը, և միայն կառավարության շատ ուժեղ ճնշումը կարող է փոխել իրավիճակը ու ստիպել հետ կանգնել»։
Այնուամենայնիվ, «Լիդիան»-ը չարձագանքեց մեր հարցմանը՝ մեկնաբանելու նախագծի շուրջ ստեղծված քննադատությունը, կամ արդյո՞ք պատրաստվում է դիմել արբիտրաժի։


