Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզ

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները:

Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում ստորաբաժանում:

Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:

Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:

Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից:

Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:

Այց է իրականացվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի գրասենյակ: Պաշտպանին ներկայացվել են կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները:
 
Այնուհետև Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցեր են իրականացրել սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրեր:
 
Տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում:
 
Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարություններին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:
 
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
 
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով