Նիկոլ Փաշինյանը թվում է 100 փաստ Նոր Հայաստանի մասին․
1-ին մասն այստեղ։
83. Երեւանի 28 փողոց լուսավորվում է էներգախնայող լամպերով, ընդ որում, հաղորդալարերը տեղափոխվում են գետնի տակ: Ընթացքում է Դավթաշեն, Նուբարաշեն, Հալաբյան, Կիեւյան փողոցների լուսավորության արդիականացման գործընթացը (էներգախնայող լուսատուների տեղադրում): Ավարտվել է Բաբաջանյան, Շիրակ փողոցների եւ Կիեւյան կամրջի լուսավորության արդիականացումը: 70-ից ավելի չկարգավորվող հետիոտնային անցումների լուսավորություն բարելավվում է անվտանգության նկատառումներով:
Նույն նկատառումներով 16 հետիոտնային անցումներում տեղադրվում են կարգավորվող լուսացույցներ: Ավարտին են մոտենում Սարալանջի հատվածի, ինչպես նաեւ՝ Սիլիկյան թաղամասում 8 հա եւ Նուբարաշենում 8 հա անտառապատ տարածքի ստեղծման նախագծման աշխատանքները: Աստիճանական քայլերով քաղաքին են վերադարձվում օտարված կամ աղավաղված այգիները՝ Օպերա, Արաբկիր (Մոլոկանի) այգի, Օղակաձեւ այգի եւ այլն:
84. ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է 2019թ-ի մայիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի եւ դրա վերականգնման վիճակը. հարուցված 219 քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 25.7 մլրդ դրամ, որից վերականգնվել է 8.9 մլրդ դրամը, 9.4 մլրդ դրամ երաշխավորված է քրեադատավարական գործիքակազմով (գույքի կալանքով): 2018թ-ի մայիսից մինչեւ 2019թ-ի օգոստոսի 31-ը, հարուցվել է նմանատիպ 1665 քրեական գործ, պատճառված վնասը կազմել է 115 մլրդ դրամ, որից 54 մլրդ վերականգնվել է:
85. 2019 թվականի ապրիլից ի վեր քաղաքացիների կողմից ֆեյսբուքում հրապարակված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին 178 վիդեո հրապարակման հիման վրա կազմվել է 85 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
86. 2019-ի առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը խնայել է 3.8 միլիարդ դրամ: Սա այդ ոլորտներում կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարի եւ արդյունավետության բարձրացման արդյունք է: Խնայված միջոցները կծառայեն սոցիալական ապահովության ոլորտում այլ, երկար տարիներ չֆինանսավորված ծրագրերի ֆինանսավորման համար:
87. 2019 թվականին Կադաստրի կոմիտեն պետական բյուջե կվերադարձնի շուրջ 1 մլրդ դրամ, որը գերազանցում է նախորդ հինգ տարիների ընդհանուր գումարը եւ կազմում է համակարգի տարեկան բյուջեի մոտ 25%-ը: 2019 թվականին Կադաստրի համակարգի ավտոմեքենաների քանակը 2018 թվականի 74-ից 60%-ով կրճատվել է՝ հասնելով 30-ի, իսկ 2018-2019 թվականներին բենզինի խնայողությունը 140 հազ. լիտր է, որը կազմում է մոտ 50 մլն դրամ (ծախսը պլանավորվածից 66%-ով պակաս է): 2019 թվականի հոկտեմբեր ամսից 893 աշխատակիցներից 547-ը (60%-ը) խրախուսվելու է հիմնական կատարողական ցուցիչի (KPI-ի) հիման վրա՝ քանակական եւ որակական վերլուծության արդյունքում:
88. Կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության կոմիտեն: ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կադաստրի կոմիտեի, ՊՎԾ գլխավոր քարտուղարները կանայք են։ Փաշինյանի կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին: ԿԲ անդամներից մեկը կին է:
89. Բարձրագույն դատական խորհրդի կազմը էականորեն թարմացվել է, ընտրվել է ԲԴԽ նոր նախագահ: Որոշում է կայացվել ԲԴԽ բոլոր այն նիստերը, որոնց դռնփակ լինելը սահմանված չէ օրենքով, իրականացնել դռնբաց: ԲԴԽ ներկայացուցիչը, համաձայն ԱԺ-ի հետ կայացված պայմանավորվածության, կմասնակցի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, ինչը էականորեն կնպաստի օրենսդրական ակտերի ազդեցության գնահատման համակարգի զարգացմանը:
90. 2019 թվականի մայիսի 21-ին գործարկվել է Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը՝ www.azdararir.am կայքը: Ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին։ Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին։ Այս ընթացքում հարթակի միջոցով իրականացվել է 104 ազդարարում, որոնցից ստուգվել է 30%-ը, ստուգվածներից 23%-ի դեպքում հարցուցվել է քրեական գործ:
91. Կառավարությունն հավանություն է տվել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծին, որով նախատեսվում է քրեականացնել քրեական ենթամշակույթ կրող խումբ ստեղծելը, ղեկավարելը, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահելը, քրեական ենթամշակույթ կրող խմբին մասնակցելը կամ ներգրավվելը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը։ Նշված հանցակազմերի համար նախատեսվում է 2-ից 12 տարվա ազատազրկում։
92. 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝
- Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչեւ 30%,
- Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 45%,
- տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 65%,
- կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 75%:
Օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» եւ «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային եւ մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ: Այս գործընթացի վերջնական նպատակը, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում:
93. Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ Արցախում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Տրանսպարենսի ինթերնեյշնլ» հասարակական կազմակերպությունները, ինչը էականորեն մեծացրել է ընտրությունների նկատմամբ Արցախի ժողովրդի վստահության մակարդակը: «Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից. «Աղաղակող խախտումներ չենք արձանագրել:
Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ: Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագեւել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը: Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»:
94. Օգոստոսի 5-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել աննախադեպ հանհրահավաք, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է համահայկականության հայեցակարգային գաղափարը:
95. «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտության հեղինակ, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում՝ ՀՀ իշխանությունների միջնորդությամբ: :
96. 2019 թվականի առաջին կիսամյակում 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատությամբ Հայաստանի սահմանահատումների նեգատիվ սալդոն նվազել է 32 անգամ կամ 96,9 տոկոսով։
97. 2019-ի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը ավելացել է 25 մլն եվրոյով։
98. Գործարկվել է Ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչը, որը գործարկման էր սպասում արդեն 17 տարի։
99. Հայավտոճան տնօրինություն ՊՈԱԿ-ի լաբորատորիան, (հանրապետությունում գործող միակ պետական լաբորատորիա) Ճանապարհաշինական աշխատանքների որակի հսկողությունը բարելավելու նպատակով ձեռք են բերվել 51 անուն ժամանակակից լաբորատոր իտալական սարքավորումներ:
100. Սահմանապահ 23 գյուղերի 280 շրջանավարտների Վերջին զանգի «փարթին» տեղի է ունեցել կառավարական առանձնատների «Կոնդ» համալիրում: Շրջանավարտների համար ելույթ են ունեցել Սիլվա Հակոբյանը, Սոնա Շահգելդյանը, էրիկը, Միհրան Ծառուկյանը, Արամ MP3-ը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, Դետք խումբը, DJ Smoke-ը։ Համանման միջոցառում իրականացվել էր նաեւ նախորդ տարի: Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ եւ վարչապետի հիմնադրամի ֆինանսավորմամբ ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ այցելել են երեւանյան զվարճանքի կենտրոններ, այգիներ, թանգարաններ։ Վարչապետը եւ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 1-ին այցելել են սահմանապահ Վահան գյուղի դպրոցականներին։