Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ձերբակալության հարցի մասին |lragir.am|

lragir.am։ «Սերժ Սարգսյանի երկու եղբայր անցնում են քրեական գործով, եղբոր երկու որդիներն անցում են քրեական գործով, էն մյուս եղբոր երկու զավակներն անցում են քրեական գործով, նրանց մի մասը հետախուզման մեջ են»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին:

Նա անդրադարձավ Միքայել Մինասյանի կողմից արված վերջին շրջանի հայտարարություններին, որոնցից մեկով, մասնավորապես, կանխատեսվում էր, որ Սերժ Սարգսյանը առաջիկայում կձերբակալվի:

«Ես այդ հայտարարությունները կապում եմ նրա հետ, որ Միքայել Մինասյանը ստացել է ինֆորմացիա, որ որոշ քրեական գործերով արդեն քննությունը հասել է իրեն, և շատ մեծ հավանականություն կա, որ ինքը որպես մեղադրյալ կանցնի, մասնավորապես, Հայաստանի ստրատեգիական նշանակության օբյեկտներից մեկի սեփականաշնորհման գործով: Ենթադրում եմ՝ ինքը մտածել է, որ ինքն էլ ցուցմունք կտա Սերժ Սարտգսյանի դեմ, ինչի արդյունքում Սերժ Սրագսյանը կձերբակալվի:

Ես Միքայել Մինասյանին, ով երկար ժամանակ Հայաստանն արտերկրում ներկայացրել է որպես դեսպան, խորհուրդ եմ տալիս վերադառնալ Հայաստան և պատասխանել Հատուկ քննչական ծառայության հարցերին»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց, որ խոսքը Լոռու մարզում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտի սեփականաշնորհման մասին է:

«Միքայել Մինասյանը շատ օբյեկտների սեփականատեր է եղել և շարունակում է մնալ, բայց այլ հարց է, որ դրանք գրանցված են մի կնոջ անունով, որը ձեզ ոչինչ չի ասում: Այո, որ այդ մարդիկ դեռ շարունակում են խոսել, ես հասկանում եմ, որ դա հակասում է արդարության տրամաբանությանը, բայց դա չի հակասում իրավական պետության տրամաբանությանը, որովհետև մենք ոչ մեկի բերանը չենք պատրաստվում փակել: Թող խոսեն, բայց թող նաև արձանագրեն, որ այն, ինչ իրենք խոսում են, կարող է օգտագործվել իրենց դեմ:

Մենք մինչ այսօր չենք ունեցել բավարար իրավական ընթացակարգեր՝ այդ սեփականությունը հետ բերելու համար: Մենք կարող էինք գնալ ու այդ կնոջը գտնել, որին, ի դեպ, փախցրել են Հայաստանից, ասել՝ գրեք, որ ձեր ամբողջ գույքը նվիրում եք պետությանը: Բայց հետո մենք հասկանում ենք, որ չենք կարող այդպես վարվել, ի վերջո այս պատմությունը բացվելու է: Այո, մենք այստեղ գնացել ենք ոչ արդարության ճանապարհով, գնացել ենք իրավական ճանապարհով: Այնպես որ, ավանսով իրենցից քաղբանտարկյալ ստեղծել չի լինի, որովհետև այդ մարդիկ ՀՀ-ն թալանել են»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն