pastinfo.am։ Գազի ներքին սպառումը Հայաստանում մի փոքր ավելացել է։ Նախորդ տարվա 985 մլն խոր.մետրի դիմաց այս տարվա առաջին կեսին սպառվել է 1 միլիարդից մի փոքր ավել գազ։ Բայց սպառման ծավալների աճը տեղի է ունեցել ոչ թե տնտեսության, այլ ոչ տնտեսական հատվածների հաշվին։ Ու խոսքը առաջին հերթին բնակչության մասին է։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա առաջին կեսին բնակչությունը վառել է 385 մլն խոր. մետր գազ։ Անցած տարի այս ցուցանիշը շատ ավելի փոքր էր` ընդամենը 294 միլիոն։ Տարբերությունը բավական մեծ է` 91 մլն խոր.մետր։ Ստացվում է, որ գազի սպառումը բնակչությունն ավելացել է գրեթե 31 տոկոսով։
Սպառումը ավելացել է նաև ավտոլիցքավորման կայաններում։ Նախորդ տարվա շուրջ 238 միլիոնից այն հասել է 274 մլն խոր. մետրի։ Աճը շուրջ 15 տոկոս է։
Դա տրանսպորտային միջոցների թվի ավելացմա՞ն, թե՞ ոլորտում ստվերի բացահայտման արդյունք է, դժվար է ասել։ Փաստն այն է, որ այս տարի ավտոմեքենաների ներկրումը Հայաստան կտրուկ ավելացել է։ Ու դա չէր կարող չազդել նաև գազի սպառման ծավալների վրա։
Որքան էլ կարող է տարօրինակ լինել, արձանագրվող ոչ պակաս բարձր տնտեսական ակտիվության պայմաններում իրական հատվածում գազի սպառումը նվազել է։ Դա նկատելի է ինչպես արդյունաբերության, այնպես էլ էներգետիկայում։
Առաջինում գազի ծավալը կրճատվել է գրեթե 24 մլն խոր. մետրով կամ ավելի քան 20 տոկոսով։ Հայաստանի արդյունաբերությունը չափազանց փոքր քանակությամբ գազ է վառում։ Այս տարվա առաջին կեսին այն կազմել է ընդամենը 92 մլն խոր. մետր։ Ստացվում է, որ բնակչությունը չորս անգամ ավելի շատ գազ է վառում, քան արդյունաբերությունը։
Էներգետիկայում սպառման կրճատումն ավելի քան կրկնակի է։