factor.am: Իրանը և Միացյալ Նահանգները կիրակի օրը՝ հունիսի 15-ին, Օմանի մայրաքաղաք Մասկատում կանցկացնեն անուղղակի միջուկային բանակցությունների հաջորդ փուլը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, գրում է Mehr գործակալությունը։
«Խորհրդակցությունների հիման վրա Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել հաջորդ կիրակի օրը Մասկատում»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։
ԱՄՆ-ը և Իրանը ապրիլի 12-ից ի վեր անցկացրել են միջուկային բանակցությունների հինգ փուլ։ Երկու երկրները տարաձայնություններ ունեն ուրանի հարստացման մակարդակի շուրջ։ Երկուշաբթի Բաղային լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ հարստացումը ռազմավարական անհրաժեշտություն է Իրանի միջուկային արդյունաբերության համար և ծառայում է երկրի ազգային շահերին։ «Այս տեղական տեխնոլոգիան մշակվել է իրանցի գիտնականների տասնամյակների շարունակական ջանքերի շնորհիվ, և այն ոչ մի կերպ բանակցությունների կամ փոխզիջման թեմա չէ»,- հայտարարել էր նա։
Բաղային նաև ընդգծել էր՝ Իրանի ազգային շահերը չապահովող ցանկացած առաջարկ անընդունելի է։ Ըստ դիվանագետի՝ Իրանը շուտով կներկայացնի իր սեփական առաջարկը Օմանի միջոցով։
«Մենք խստորեն խորհուրդ ենք տալիս ամերիկյան կողմին չկորցնել այս հնարավորությունը, նրանց շահերից է բխում այն լուրջ ընդունելը»,- ասել էր Բաղային։
Հավելենք, որ Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ն ու Իրանը բանակցությունների նախորդ փուլերից երկուսն անցկացրել են Հռոմում, երեքը՝ Մասկատում։ Ամերիկյան պատվիրակությունը հանդիպումներում գլխավորում է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, իրանական կողմը՝ երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։