«Բանակից ազատվելու» նախագծի շուրջ թեժ քննարկումներ ԱԺ-ում՝ անգամ իշխանական պատգամավորների միջև |civilnet.am|

civilnet.am: Վճարի դիմաց «բանակից ազատվելու» կամ կարճ ժամկետով ծառայելու նախագիծը կառավարությունում հաստատվելուց հետո շուրջ մեկ ամիս անց փոփոխությունների է ենթարկվել․ ավելացվել է վճարի գումարը, իսկ ամենակարևորներից կառավարությունն առաջարկում է քվոտավորման համակարգ ներդնել։ Փաթեթը նաև անդրադարձ է կատարում Քրեական օրենսգրքին։ Հունիսի 13-ին այս նախագիծը քննարկվեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։

Հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նախագծի հեղինակին՝ իր գործընկեր Հայկ Սարգսյանին, կոչ արեց փաթեթը ժամանակավոր հանել օրակարգից։ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ չի գնա այդ քայլին, նա ասաց, որ Անդրանիկ Քոչարյանը սկզբում կողմ էր նախագծին, այնուհետև սկսեց դեմ արտահայտվել ու չմասնակցել քննարկումներին։ Սարգսյանի այս ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց, Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ նա սուտ է ասում։ Իշխանական երկու պատգամավորները սկսեցին վիճել։

Այնուհետև հանձնաժողովը անցավ քվեարկությանը ու 5 կողմ, 4 դեմ ու 1 ձեռնպահ ձայներ ստացավ։ Սկզբում հավաքվածները մտածում էին, որ փաթեթն ընդունվել է, սակայն Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ այն չի անցել, ստացել է բացասական եզրակացություն։ Նախագիծը պետք է քննարկվի լիագումար նիստերի օրակարգում։

Նախագծով առաջարկվում է՝ բացի 24 ամիս տևող ծառայությունից ներդնել նաև 6 ամիս տևող ծառայություն՝ պետական բյուջեին 18 մլն դրամ վճարելու դեպքում կամ 1 ամիս՝ 24 մլն դրամ վճարելու դեպքում։ Բացի այդ, առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Կա նաև մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր առաջարկ՝ «Պաշտպանության մասին» օրենքում սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է՝ արական սեռի քաղաքացուն զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում՝ ի օգուտ պետական բյուջեի վճարման միջոցով։

Մինչ քվեարկությունը այս նախագիծը անցավ բուռն քննակումներով։ Նախ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում չորս տարվա կտրվածքով շուրջ 88,000 քաղաքացի խուսափել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Սա, նրա կարծիքով, շուրջ տասը տարվա զորակոչին համահավասար է։

Սարգսյանն ասաց, որ ծառայությունից խուսափելու նախագիծն ինքը ներկայացրել էր ավելի վաղ, զորակոչվողների թիվը 2022-ին 46 տոկոս էր։

«Նախագիծն այդ ժամանակ չընդունվեց ու մեր հապաղելու պատճառով այդ թիվը դարձավ 31 տոկոս»,- նշեց պատգամավորը։

Իր փաստարկներն ամրապնդելու համար պատգամավորը նաև այլ վիճակագրություն ներկայացրեց։

«Քրեական գործերի թիվը ներկայացնեմ, որոնք կարճվել են ոչ արդարացնող հիմքով 2019-2023 թվականների ընթացքում։ 3,774 քրեական գործ է կարճվել ոչ արդարացնող հիմքով, վաղեմության հիմքով 2,500 գործ է կարճվել, քաղաքացիությունից հրաժարվել է 11,830 քաղաքացի, որոնք եղել են մինչև 18 տարի լրանալը, արական սեռի քաղաքացիներ։ Կառավարության որոշումով ազատվել են 20,679 քաղաքացիներ։ Առողջական հիմքով ազատվել են 43,486 քաղաքացիներ։ Սահմանված կարգի խախտման օրենքով, որն ընդունվել է մինչ այս՝ 9,155 քաղաքացի վճարել են մինչև 1,8 միլիոն և 1,429 քաղաքացի վճարել է 3,3 միլիոն։ Արտասահման ուսման նպատակով մեկնել է և չի վերադառնում 2,365 քաղաքացի, այս պահին հետախուզման մեջ գտնվում են 11,000-ից ավելի քաղաքացիներ։ Այսինքն՝ շուրջ 88,000 քաղաքացի մեր դանդաղելու արդյունքում խուսափել է զինվորական ծառայությունից ու զորակոչից»,- եզրափակեց Սարգսյանը։

Նախագծի հեղինակը պնդում է, որ զորակոչի ենթակաների 69 տոկոսը չի զորակոչվել, միայն 31 տոկոսը։ Նա նաև իր գործընկերներից մեկի որդու օրինակը բերեց, ասաց՝ պատգամավորի որդին միակն է դասարանում, որ գնալու է ծառայության։

«Կա մեկ շատ կարևոր խնդիր, որը մենք ունենք՝ քաղաքացիությունից հրաժարվելու տեմպերն են, որոնք վերջին 4-5 տարիներին աճել են, և տարեկան ունենք մոտ 2,000 քաղաքացիությունից հրաժարված քաղաքացիներ»,- ասաց Սարգսյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով