Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային կիրակի օրը Մասկատում նախատեսված ԱՄՆ-Իրան բանակցությունների վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան հայտնել է, որ ստեղծված իրավիճակում Իրանի հիմնական ուշադրության կենտրոնում «թշնամու ագրեսիային հակազդելն է»։
Այս մասին հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Բաղային հավելել է, որ «դիվանագիտության և խաղաղության թշնամիները» անարդար պատերազմ են նախաձեռնել Իրանի ժողովրդի դեմ, և ԱՄՆ-ն, չնայած երկխոսության ու դիվանագիտության վերաբերյալ իր բոլոր պնդումներին, աջակցել է «սիոնիստական ռեժիմի» ագրեսիային, այդ թվում՝ «Իրանի խաղաղ միջուկային ենթակառուցվածքները թիրախավորելուն»։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ պարզ է, որ այս հանագամանքների պարագայում, ինչպես նաև քանի դեռ Իսրայելի ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ կանգ չի առել, բանակցությունների գնալ մի կողմի հետ, որը «ագրեսորի հիմնական աջակիցն ու հանցակիցն է», ըստ էության, անիմաստ է։
Նշենք, որ ավելի վաղ Բաղային հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման վերաբերյալ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին, դեռևս չի չեղարկվել։