news.am: ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը կրկին հեռախոսազրույց են ունեցել։
Պուտինը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող ռազմական գործողությունը։ Իսկ Թրամփը Իսրայելի և Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է մտահոգիչ։
Երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցը տևել է 50 րոպե։
«Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, կամ ավելի ճշգրիտ՝ 50 րոպե։ Այն տեղեկատվական էր, անկեղծ և ամենակարևորը՝ շատ օգտակար»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով Ռուսաստանի նախագահը Թրամփին պատմել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակման գործընթացի ընթացքի մասին։
«Զրույցի ընթացքում մեր նախագահը Դոնալդ Թրամփին տեղեկացրել է հունիսի 2-ին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Մեր նախագահը նշել է, որ այս օրերին տեղի է ունենում ռազմագերիների փոխանակում, այդ թվում՝ ծանր վիրավորների և 25 տարեկանից փոքր ռազմագերիների: Ուկրաինան նաև ընդունել է զոհվածների մարմինների երկու խմբաքանակ», – նշել է Ուշակովը։
Նա նաև նշել է, որ Պուտինը ԱՄՆ նախագահին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության՝ Իսրայելի և Իրանի միջև որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին։
Ռուսաստանի նախագահը նաև հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու Կիևի բանակցությունները հետ հունիսի 22-ից հետո։
«Ռուսաստանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցություններն ուկրաինացիների հետ, ինչպես որ պայմանավորված է, հունիսի 22-ից հետո: Դոնալդ Թրամփն ի գիտություն է ընդունել այս տեղեկատվությունը և կրկին նշել է իր շահագրգռվածությունը ռուս-ուկրաինական հակամարտության արագ ավարտի հարցում», – ասել է Ուշակովը։