«Մեծ յոթնյակը» հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա |azatutyun.am|

azatutyun.am: «Մեծ յոթնյակը» (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) երկուշաբթի տարածած հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։

G7-ի առաջնորդները, ընդգծելով «քաղաքացիական բնակչության պաշտպանության կարևորությունը», հույս են հայտնել, որ Իրանի շուրջ ճգնաժամի հանգուցալուծումը կարող է նպաստել ավելի լայն զինաթափման և լարվածության նվազեցման Մերձավոր Արևելքում, այդ թվում նաև Գազայում հրադադարի հաստատմանը։

Խումբը կոչ է արել խաղաղության և կայունության պահպանմանը տարածաշրջանում։

«Մեծ յոթնյակի» հանդիպմանը մասնակցող ԱՄՆ նախագահը նախատեսվածից շուտ է լքել հավաքը: Սպիտակ տնից հաղորդել են, որ Թրամփը վերադառնում է՝ «շատ կարևոր հարցերով» զբաղվելու նպատակով:

G7-ի հայտարարությունց կարճ ժամանակ անց Թրամփը սոցիալական մեդիայում կոչ է արել Թեհրանի բնակիչներին անմիջապես լքել քաղաքը։

Իրանի և Իսրայելի միջև օդային պատերազմը սկսվել է ուրբաթ օրը՝ այն բանից հետո, երբ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ Այդ զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել տարածաշրջանում, որն արդեն իսկ լարված էր՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերին Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով