Գումարով զինծառայությունը կրճատելու վերաբերյալ նախագիծը չներառվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում:
Ներկա բոլոր պատգամավորները, այդ թվում՝ նախագծի հեղինակ Հայկ Սարգսյանը, դեմ քվեարկեցին հարցը օրակարգում ներառելուն:
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ բանակի բարեփոխումները շարունակում են մնալ իշխանության օրակարգում, և այս նախագիծն էլ դրա մի մասն է, սակայն որոշ սահմանումներ, կարգավորումներ կան, որոնք չեն համապատասխանում, և այս տեսքով չեն կարող ընդունել նախագիծը, դրա համար նախագիծը օրակարգում ներառելուն դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 22-ին հավանություն է տվել պարտադիր զինվորական ծառայության համակարգում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին:
Առաջարկվում էր.
- Սահմանել կրճատ ժամկետով ծառայությունը: Մեկ ամիս ծառայելու համար պետք է վճարել 24 մլն դրամ, չորս ամիս՝18 մլն դրամ։
- Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու առավելագույն տարիքային շեմը սահմանել 32-ը՝ 27-ի փոխարեն:
- Սահմանել, որ մինչև 16 տարին լրանալը արական սեռի քաղաքացիները ՀՀ-ի նկատմամբ ունենան 15 մլն դրամի հանրային և իրավական պարտավորություն։ Այդ պարտավորությունը դադարում է, երբ քաղաքացին մեկնում է ծառայության կամ դուրս է գալիս ՀՀ քաղաքացիությունից հօգուտ պետբյուջեի վճարման միջոցով։
Օրինագիծը դրական եզրակացություն չէր ստացել նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խնդրահարույց է համարել օրենքների նախագծերի կարգավորումները: