Անհետ կորած զինվորների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովում ընթացող Կառավարության հետ հարցուպատասխանին զուգահեռ անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան։ Այն այժմ երկկողմանի փակ է:

Անհետ կորածներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանն «Ազատությանն» ասաց, որ իրենք գլխավոր պահանջն այն է, որ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արմեն Աբազյանին վերականգնեն պաշտոնում: Նա մտահոգություն ունի, որ նրա պաշտոնանկությունից հետո որևէ մեկը գործուն քայլեր չի անի անհետ կորածների հարցերով, և սա կմտնի փակուղի:

Նրա խոսքով՝ Աբազյանի հետ պարբերաբար հանդիպումներ են ունեցել, քանի որ նա էր գլխավորում անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը: Ըստ Ղուկասյանի՝ Աբազյանն իրենց վստահեցրել է, որ մինչև վերջ իրենց կողքին է լինելու:

Անհետ կորածների հարազատներն ասում են, որ ստացվում է նոր տնօրենի հետ պիտի այս թեման սկսեն նորից քննարկել, նրան ներգրավեն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, որին երբեք, ըստ նրանց, չի մասնակցել ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանը:

Ոստիկանության աշխատակիցները բանակցում են, որ պողոտան բացեն, սակայն դեռևս ապարդյուն:

ԱԱԾ հակահետախուզության պետ Դավիթ Սանամյանն այժմ բանակցում է նրանց հետ: Այստեղ է նաև փոխոստիկանապետ Դավիթ Խուդինյանը:

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց», այսօր խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև