tert.am: Մենք ուզում ենք, որ ստարտափը Հայաստանում դառնա մենթալիտետ, որ մարդիկ հավատան իրենց ուժերին, հասկանան, որ բոլորը տաղանդավոր են: Այս մասին «Սևան Ստարտափ Սամմիթ 2019»-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ստարտափի գաղափարը շատ կարևոր է մեզ համար, մեր կառավարության համար: Քանի որ ստարտափ բառը շատ է օգտագործվում, հաճախ հարցնում են՝ ինչ է դա նշանակում: Ստարտափն այն է, երբ որևէ մեկն ունի լավ գաղափար, բայց չունի փող, ֆինանսական միջոցներ, որ դա կիրառի ու նրան հաջողվում է պոտենցիալ ներդրողներին համոզել, որ այդ գաղափարը կհաղթի ու պոտենցիալ ներդրողն էլ կաջակց իգաղափարի իրականացմանը»,- ասաց նա:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակակից Հայաստանում շատ կարևոր է գաղափարի ընդգրկումն ընդլայնել, այն տարածել հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա:
«2018թ.-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր էությամբ ստարտափ էր, որովհետև կային փոքրաթիվ մարդիկ, ովքեր կարողացան համոզել, որ հաղթելու ենք ու հայությունը ներդրում ունեցավ գաղափարի իրագործման մեջ»,- մանրամասնեց Ն. Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ շատերը բողոքում են, թե չկա գումար, իսկ կառավարությունը համոզումէ, որ կարևորը ոչ թե փողն է, այլ՝ գաղափարը, հաղթական գաղափարը:
«Սա է նոր Հայաստանի էությունը. Ճիշտ մտածված գաղափարներն իրականություն դառնալու հնարավորություն ունեն: Մենք մարդկանց հրավիրում ենք օգտվել իրենց գաղափարները կյանքի կոչելու բացառիկ հնարավորությունից: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, մտքի հեղափոխություն է, ամեն ինչ սկսվում է մտքից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: