ԱՄՆ-ն հարվածել է Իրանի երեք գլխավոր միջուկային օբյեկտներին՝ փաստացի միանալով Իսրայելի նախաձեռնությանը՝ ոչնչացնելու Իրանի միջուկային ծրագիրը։
«Մենք ավարտել ենք մեր չափազանց հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ՝ Ֆորդոն, Նաթանզը և Սպահանը։ Բոլոր ինքնաթիռները այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանը հաստատել է, որ երեք միջուկային օբյեկտները ենթարկվել են օդային հարձակման։
Reuters-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հաղորդում է, որ ԱՄՆ-ն օգտագործել է B-2 Spirit ռմբակոծիչներ, ինչը հավանաբար օգտագործվել է Ֆորդոյի միջուկային օբյեկտին հարվածելու համար, իսկ մյուս երկու օբյեկտներին հարվածելու համար օգտագործվել է երեսուն Tomahawk թևավոր հրթիռ։
Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մեհդի Մոհամմադին հայտարարել է, որ Իրանը սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակումների, այդ իսկ պատճառով իրականացրել է տարհանում, օբյեկտին անդառնալի վնաս չի հասցվել:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հայտնել է, որ ԱՄՆ հարվածների թիրախ դարձած երեք միջուկային օբյեկտների հարակից տարածքներում ներկայումս ճառագայթման մակարդակի աճ չկա։