azatutyun.am: Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել: Նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է:
Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ հաստատելով «Ազատության» տեղեկությունները, որ Դարբինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին:
Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2007 թվականին։ Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Թեև 2019-ին՝ թավշյա հեղափոխությունից հետո կրկին վերաբացվեց, բայց ոչ սա, ոչ էլ դատախազի սպանությունը բացահայտված չեն։
Դեռ 2019-ին դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է. կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ Իրավապահները կասկածներ ունեին, թե էժան գնով ձեռքբերված կայանի թանկարժեք խողովակներն ու սարքավորումները նախկին քաղաքապետի ու իր եղբոր կառուցած հիդրոկայանի համար են օգտագործվել։