civilnet.am: ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել. ասել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Ղազինյանը Ֆակտոր ՀԸ-ի երեքշաբթի հրապարակած զրույցում։ Նա նշել է, որ ՀԷՑ-ը 7000 աշխատակից ունի, և նրանց մեծ մասը բացասական է նայում ընկերության շուրջ տեղի ունեցողին։
Ղազինյանի խոսքով՝ «Տաշիր Գրուպի» կողմից Ինտեր ՌԱՕ ընկերությունից 2015-ին ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո տասը տարի պրոցեսները կառավարվում են շատ ճիշտ […]։ Եթե մեր ամբողջ ազգաբնակչությունը և բոլորը իմանային, թե ինչ վիճակում ենք ընդունել ՀԷՑ-ը, բնականաբար դինամիկան շատ լավ կզգային։ Երևի մենք ենք սխալ եղել, որ չենք թմբկահարել, որ ընկերությունում խայտառակ վատ վիճակ է (եղել)»։
Նա նշել է, որ եթե անգամ օրենսդրությունը թույլ է տալիս որևէ ընկերություն ազգայնացնել, դրա համար հիքմեր են պետք. «ՀԷՑ-ին մեղադրում են ինչ-որ բանում, որտեղ պետականացման հիմք կա»։ Ղազինյանն ասել է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, որոնք լինում են քամիների կամ շոգի պատճառով, իրենք շատ արագ վերացնում են, և դա չի կարող լինել հիմք։
«Վերջին հաշվով, պետականացումից առաջ կամ ինչ-որ մի գործողությունից առաջ այլ գործողություններ են հետևում։ Այնպես չէ, որ եթե մի բան վատ եղավ, վե՛րջ, ձեռքից վերցնում ենք։ Վերջը պետությո՞ւն ենք, թե՞ չէ։ Մյուս բոլոր ներդրողները ի՞նչ են մտածելու»,- ասել է ընկերության պաշտոնյան։
Երեքշաբթի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ֆակտոր ՀԸ-ի հետ մեկ այլ զրույցում ասել է, որ հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ «Ես կարծում եմ, որ ցանկացած գործողություն, որը վերաբերելի կլինի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով»,- ասել էր Գրիգորյանը՝ հավելելով, որ Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և՛ դեպքերը, և՛ գործողությունները, որոնք այս կամ այն դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել։ «Այսինքն, հատուկ օրենք է լինելու, որով ՀԷՑ-ը պետականացվելու է։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ հնարավոր գործողությունները որոշակի դեպքերում այսօր արդեն իսկ օրենքով նկարագրված են»,- ասել էր փոխվարչապետը: