ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Մասիս Մելքոնյանին |factor.am

factor.am

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն հայտարարեց: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով ԲԴԽ-ին դիմել էր Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը:

Ըստ Էթիկայի հանձնաժողովի՝ Մելքոնյանը որպես մեղադրյալ հարցաքննվող անձին չի պարզաբանել նրա լռելու իրավունքի մասին, հայտնել է, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պետք է պատասխանի բոլոր հարցերին, մեղադրյալին չի պարզաբանել սուտ ցուցմունք տալու դեպքում սահմանված քրեական պատասխանատվության մասին մինչև այն պահը, երբ տուժողի ներկայացուցիչը հորդորել է նախազգուշացնել:

Բացի այդ՝ մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել, ապա ընկերություններից մեկից փաստաթղթեր պահանջել, և չստանալով դրանք՝ հաղորդում ներկայացրել Դատախազություն այն մասին, որ իր կայացրած դատական ակտը չի կատարվել:

Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Վերը նշված բոլոր գործողություններն արդեն իսկ կատարված են եղել, երբ մեղադրյալի դիմումի հիման վրա Էթիկայի հանձնաժողովում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել:

Մասիս Մելքոնյանը վարույթի վերաբերյալ բացատրություն ներկայացնելու ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, ժամկետը երկարացվել է մինչև 2025-ի ապրիլի 18-ը: Մելքոնյանը մեկ օր առաջ՝ ապրիլի 17-ի նիստով իր նախաձեռնությամբ անթույլատրելի է ճանաչել մեղադրյալի հարցաքննությունը:

Էթիկայի հանձնաժողովի ներկայացուցիչներ Արման Հովհաննիսյանն ու Հովիկ Շահնազարյանը երեկ կայացած ԲԴԽ նիստի ընթացքում ասացին, որ թեև մեղադրյալի հարցաքննությունն անթույլատրելի է ճանաչվել՝ դրան հաջորդած և դրանից բխող մյուս ապացույցները չեն ճանաչվել անթույլատրելի, մինչդեռ այս դեպքում գործում է «թունավոր ծառի պտուղները նույնպես թունավոր են» կանոնը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև