«ՔՊ-ականներն ասում են՝ ավտոբուսներ պետք է վառվեին, բայց գործի նյութերում նման տվյալ չկա, իսկ ՔԿ-ն կամ դատախազությունը գեթ մի նախադասություն չեն ասել»․ փաստաբան |aravot.am

aravot.am «Սա իրավապահների եւ քաղաքական ուժի միջեւ պլանավորված արշավ է, քաղաքական հետապնդում ընդդիմադիր անձանց նկատմամբ։ Ես շատ լուրջ մտավախություն ունեմ, որ սա ամենեւին էլ կապված չէ ընտրությունների հետ։ Առաջիկայում մեզ սպասվում են պրոցեսներ, որոնք շատ ավելի վատ հետեւանքներ կարող են ունենան։ Խոսակցություն կա, որ հուլիսի վերջին ինչ-որ փաստաթուղթ պետք է ստորագրի, Բագրատ սրբազանն էլ այդ մասին ասել։ Եվ դրա դեմ ցանկացած ընդվզում այս եղանակներով փորձում են կասեցնել»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով «Սրբազան շարժման» գործին։

Նրա խոսքով՝ նախաքննական մարմինը հրապարակեց ձայնագրություններ, եւ ոչ մասնագետի համար արդեն ընկալելի է, որ ձայնագրությունները մոնտաժված են։ Նա հիշեցրեց, որ ՔԿ նախագահը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե մնացածը կենցաղային խոսակցություններ են։

«Եթե դրանք կենցաղային խոսակցություններ են, ապա որեւէ անհրաժեշտություն չկա դրանք թաքուն պահելու, հրապարակեք, հասկանանք, թե այս հատվածները, որոնք առանձնացված են, ինչ կոնտեքստից են վերցված, որպեսզի հասկանանք՝ այդ արտահայտություններն ամբողջակա՞ն միտք են պարունակում, թե՞ ոչ։ Դրանք ձեւավորված են նո՞ւյն ժամանակահատվածում, թե՞ տարբեր օրերի խոսակցություններից։ Դրանք ի՞նչ ինտոնացիայով են ասված, արդյոք հումորայի՞ն են, թե՞ չարամիտ դիտավորություն է։ Այն նյութերը, որոնք տրամադրվել են մեզ նախաքննության ընթացքում, որի բովանդակությունը չեմ կարող հրապարակել, դրանց պարզ համադրությունից պարզ դարձավ, որ այնտեղ ոչ միայն կոնտեքստից կտրված նախադասություններ են, այլեւ տարբեր հատվածներից ամբողջական նախադասություններ են հավաքել, որոնք եւ տարբեր օրերից են, եւ նույն խոսակցության տարբեր հատվածներից են ու էականորեն աղճատում են բովանդակությունը»,- ասաց նա։

Հովհաննես Խուդոյանը նշեց, որ գլխավոր դատախազը, ԱԺ-ում միջնորդագիրը ներկայացնելիս, կատարում էր ակնհայտ սուտ պնդումներ, որպիսիք չէին բխում իր իսկ ներկայացրած նյութերի բովանդակությունից։ «Մասնավորապես, պատասխանելով հարցերին, ասում է, որ գործողությունները պլանավորվում էին 2025 թվականի սեպտեմբերին, սակայն ի պատիվ ընդդիմադիր պատգամավորների, այդ սուտը բռնվեց, եւ ստիպված էր հերքել»,- նշեց փաստաբանը։

Խուդոյանն ասաց, որ միջնորդություններ են ուղարկելու ՔԿ եւ նախաքննությանը, որպեսզի իրենց թույլ տան հրապարակել նախաքննական գաղտնիք։ Եվ, ըստ Խուդոյանի, այդ տվյալների հրապարակումով հանրությունը շատ հստակ կիմանա՝ ով է մանիպուլացնում, ով է կեղծ տեղեկատվություն ներկայացնում։ «Եվ հրապարակեք այն ձայնագրությունները, որոնք ՔԿ նախագահի պնդումով՝ կենցաղային բնույթ ունեն»,- ասաց նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով