«Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ` Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ երրորդ անգամ կանցկացվի «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը: Այս տարվա ֆեստիվառյան քաղաքներն են Արտաշատը, Հրազդանը և Արմավիրը. անցկացման ժամկետները համապատասխանաբար՝ օգոստոսի 23, սեպտեմբերի 13 և սեպտեմբերի 21:

Այս մասին այսօր հայտնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Փառատոնի՝ երրորդ անգամ անցկացումը ցույց է տալիս, որ այն շատ սպասված է, և ավելին՝ մեր մարզերում մշակութային կյանքի աշխուժացման շատ մեծ ներուժ կա: Առաջին «Ֆեստիվառն» այս տարի կունենանք օգոստոսի 23-ին, այնուհետև սեպտեմբերի 13-ին և սեպտեմբերի 21-ին՝ մեր երկրի Անկախության օրը՝ ապահովելով լրացուցիչ միջավայր այդ կարևոր տոնը նշելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

Նա նշել է, որ ըստ փառատոնի տրամաբանության՝ ամեն տարի այն պետք է անցկացվի տարբեր մարզերում ու քաղաքներում՝ ընդգրկելով ավելի լայն աշխարհագրություն:

Ժաննա Անդրեասյանի ընդգծմամբ՝ «Ֆեստիվառը» ոչ միայն երաժշտական միջոցառում է, այլև ներքին զբոսաշրջության զարգացման միջավայր: Ֆեստիվառի շրջանակում կազմակերպվում են ցուցահանդես-վաճառքներ, հյուրընկալող բնակավայրերն ունենում են մեծաթիվ այցելուներ՝ զարգացնելով հյուրանոցային բիզնեսը, ռեստորանային ծառայությունները:

«Ծրագիրն ուղեկցվում է նաև շրջակա պատմամշակութային վայրեր և հուշարձաններ այցելությամբ. մեզ համար կարևոր է, որպեսզի «Ֆեստիվառը» դառնա նաև մեր երկիրը ճանաչելու կարևոր միջոց»,- ասել է նախարարը՝ կոչ անելով հանրությանը մասնակցել միջոցառումներին:

Նա փաստել է՝ նախարարության համար սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ ճանապարհ է բացել մյուս միջոցառումները վերաիմաստավորելու և պլանավորելու համար:

Եզրափակելով խոսքը՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հաջող և շարունակական համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այս տարի ևս համերգային որակյալ ծրագրի և ժամանցի նոր նշաձող կսահմանվի:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է փառատոնի անցկացման մանրամասները: Ըստ այդմ՝ օգոստոսի 23-ին «Ֆեստիվառի» շրջանակում Արտաշատում տեղի կունենա երգիչ Սարո Թովմասյանի (Սարո) համերգը՝ Karen Sevak Band-ի ուղեկցությամբ: Կլինի նաև տեղական ապրանքների վաճառք-ցուցահանդես, կգործեն տուրիստական մեքենաներ, որոնք կտեղափոխեն միջոցառման մասնակիցներին մարզի տեսարժան վայրեր: «Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին Հրազդանում, որտեղ կանցկացվի Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը՝ Karen Sevak Band-ի նվագակցությամբ: Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ հանդես կգան տարբեր արտիստներ, որոնց անունները կհայտարարվեն առաջիկայում:

«Այս տարի ԿԳՄՍ նախարարության ֆինանսական հատկացումներն ավելացել են, և ի տարբերություն նախորդ տարիների՝ երեք համերգներն էլ բավականին մեծամասշտաբ են լինելու»,- ասել է Հովհաննես Մովսիսյանը:

Միջոցառումները կանցկացվեն ոչ աշխատանքային օրերի, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան մասնակցելու դրանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով