Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունենում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում:
Գեղամ Մանուկյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ ԱԱԾ աշխատակիցներին ասել է, որ ԱԺ պատգամավորի հեռախոսը չեն կարող առգրավել:
«Զննություն արեցին հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որին իշխանական շրջանակները փորձում են թիրախավորել: Հրավիրեցին բալկոն առանց տեսախցիկների զրուցելու: Փորձեցին բռնի ուժով, մի քիչ էլ ձեռքս վնասվեց, փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին, հեռախոսս առգրավեցին»,- ասել է նա՝ ընդգծելով, որ «սա քաղաքական պատվեր է»:
Մանուկյանը սա «հիմար խուզարկություն» անվանեց:
«Տարել են «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա, իրենք էլ տեսան, որ գրված է կնունք, համակարգիչներից մեկը տարան, Տարոնի (իր որդի Տարոն Մանուկյանի՝ խմբ.) հեռախոսը»,- նշել է Մանուկյանը:
Փաստաբան Աբգար Պողոսյանը հայտնում է, որ արգելում են տեսակցել Տարոն Մանուկյանին, և ինքը դիմել դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին:
Այս պահին բերման է ենթարկված նաև ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը:
Հավելենք, որ խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչություն: Այդ մասին հայտնել է պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: