Թրամփը հիասթափված է՝ ռուսական կողմն Ուկրաինայի հարցում «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերել․ Ռուբիոն՝ Լավրովի հետ հանդիպման մասին |factor.am

factor.am ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Մալայզիայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ  հանդիպման մասին՝ նշելով, որ «անկեղծ, կարևոր զրույց» է ունեցել։

Sky news-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը «պետք է տեսնի ճանապարհային քարտեզ», թե ինչպես կարող է ավարտվել Ուկրաինայում պատերազմը։

Ռուբիոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է, որ ռուսական կողմից Ուկրաինայի հարցում «ավելի մեծ ճկունություն» չի ցուցաբերվել։ «Մենք հասկանում ենք, որ այս բաները ժամանակ և համբերություն են պահանջում, բայց հիասթափված ենք, որ ավելի շատ առաջընթաց չի գրանցվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուբիոն հավելել է, որ այսօրվա բանակցությունների ժամանակ Ռուսաստանն առաջարկել է «նոր և տարբեր մոտեցում»՝ առանց մանրամասնելու, թե ինչ է այն ներառում։ «Ես դա չէի բնութագրի որպես մի բան, որը երաշխավորում է խաղաղություն, բայց դա այն հայեցակարգն է, որը ես այսօր կներկայացնեմ նախագահին»,- նշել է նա։ Կողմերը քննարկել են «Ուկրաինայի շուրջ կարգավորումը, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև մի շարք այլ միջազգային խնդիրներ»։

ՌԴ ԱԳՆ հայտարարության համաձայն՝ Լավրովը և Ռուբիոն անդրադարձել են նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեմային։ ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդիպման վերաբերյալ դեռևս հաղորդագրություն չի տարածել։

Հիշեցնենք, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպել են Մալայզիայում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով