ՀՅԴ երիտասարդները ՔԿ–ի մոտ էին բերել Խաղալիք ատրճանակներ, ավտոմատներ, «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ |news.am

news.am Երևան քաղաքի քննչական վարչության կոմիտեի դիմաց ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամները բողոքի ակցիա են կազմակերպել. նրանք պահանջում են դադարեցնել ապօրինի ձերբակալություններ ՀՅԴ-ականների նկատմամբ և բաց թողնել ապօրինի ձերբակալված իրենց ընկերներին։

Ակցիայի մասնակիցներից մեկը բարձրախոսով հայտարարեց. «Ձերբակալել են մեր դաշնակցական և երիտասարդական ընկերներին, այն հիմքով, իբր թե նրանց բնակարանների խուզարկության արդյունքում հայտնաբերել են ինչ-որ ահաբեկչության հետ կապ ունեցող իրեր։ Այդ իրերը բոլորը օրինական են, ոչ մի կերպ չեն կարող կապ ունենալ այս անօրինական գործընթացների հետ։ Մենք այդ իրերն օգտագործում ենք մեր Սթրայքբոլ  խաղերի համար։

Սիրելի հայրենակիցներ, եթե դուք ձեր տանը ունեք ջրի պիստոլետներ, ամանորյա պայթուցիկներ, հրավառության ինչ-որ նյութեր, դուք ապահովված եք, իսկ եթե դրան զուգահեռ ձեր քաղաքական հայացքները ընդդիմադիր են, դուք մեղադրվում ենք ահաբեկչության նախապատրաստման գործողությունների մեջ։

Մենք բերել ենք այս իրերը ցույց տալու, որ այս իրերից կարելի է գնել ցանկացած զինվորական խանութում։ Կոչ ենք անում իրավական մարմիններին զերծ մնալ այս ապօրինի և ծիծաղ առաջացնող գործընթացներից և անհապաղ բաց թողնել մեր ձերբակալված, հայրենիքի նվիրյալ մեր ընկերներին»։

Դրանից հետո ՀՅԴ–ական երիտասարդները ՔԿ Երեւանի վարչության շենքի մոտ նետեցին իրենց հետ բերած իրերը՝ ՀՅԴ–ի կարգախոս «Մահ կամ ազատություն» գրությամբ շապիկներ, «Սթրայքբոլ»  խաղի համար նախատեսված խաղալիք զենքեր։

Հիշեցնենք՝ երեկ խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման մեջ։ Պաշտպանները պնդում են, որ հայտնաբերված իրերը Strikeball խաղի ատրիբուտներ են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter