ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալ

2025 թվականի հուլիսի 11-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև Պաշտպանի թեժ գծին փաստաբանի իրականացրած ահազանգի արդյունքում տեղեկություն է ստացվել, որ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորում են: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ Սահմանադրական օրենքով՝ Պաշտպանն իրավասու չէ միջամտելու դատական վարույթին կամ դատավորների լիազորությունների իրականացմանը կոնկրետ գործով:

Այնուամենայնիվ, քաղաքացու և երեխաների իրավունքների ապահովման հետ կապված հարցերը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են, Պաշտպանի հանձնարարությամբ արդեն իսկ ձեռնարկվել և ձեռնարկվում են համապատասխան քայլեր անձանց իրավունքների երաշխավորման, այդ թվում` երեխայի խնամքի տրամադրման հարցի առնչությամբ: Հուլիսի 12-ին ՄԻՊ թեժ գծին փաստաբանի կողմից կրկին ահազանգ է ստացվել իրավունքների երաշխավորմանն առնչվող մի քանի հարցերի վերաբերյալ, որոնք Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ լուծվել են:

Բացի դրանից՝ մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ համացանցում փաստաբանի կողմից տարածվում է երեխայի մասնակցությամբ տեսանյութ:

Հարկ է նկատի ունենալ, որ նման զգայուն իրավիճակներում այդպիսի գործողությունների հետևանքով երեխաները հաճախ թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող մարմնի կողմից համացանցում իրականացվող մշտադիտարկումները վկայում են, որ առհասարակ նմանատիպ դեպքերը, երեխաների նկատմամբ ոչ զգայուն մոտեցումները, կրում են շարունակական բնույթ։

Մարդու իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է երեխաների իրավունքների, այդ թվում՝ վերջիններիս անձնական տվյալների պաշտպանության իրավունքի խախտման, երեխաներին թիրախավորող վարքագծի ցանկացած դրսևորման բացառումը։

Երեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:

Երեխաների անձնական տվյալները հրապարակելիս կամ որևէ այլ եղանակով դրանք այլ անձի մատչելի դարձնելիս պետք է խստորեն պահպանել անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ 3 երեխաների մայրը կալանավորվել է։ Լիանա Հարությունյանը, որի խնամակալության տակ է նաև 8 ամսական երեխան, պետք է իր խնամքին մնացած 8 ամսական երեխայի հետ տեղափոխվի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես փաստաբան Զարուհի Փոստանջյանն է հայտնել է Factor TV-ն՝ Լիանա Հարությունյանը Հնդկաստանի 3 քաղաքացիների համար տևական ժամանակ բանավոր թարգմանություններ է կատարել պատկան մարմինների մոտ գնալիս։

Հետագայում, ապօրինի միգրացիայի հոդվածով մեղադրանք է առաջադրվել տղամարդկանց, Հարությունյանը տևական ժամանակ գործով հարցաքննվել է որպես վկա, սակայն հետագայում կարգավիճակը փոխվել է, և նա դարձել է մեղադրյալ՝ անօրինական միգրացիայի կազմակերպման օժանդակություն։ Նրա նկատմամբ նախ ընտրվել է տնային կալանքը։

«Նիստի սկզբում քննարկվել է խափանման միջոցը և նշելով, որ մեկ անգամ կինը նիստին չի ներկայացել, ուստի որոշում է կայացվել խափանման միջոցը փոխել և ընտրել կալանքը», – հայտնել է Փոստանջյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն