Կոշտան և ֆոն դեր Լեյենն իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և «Խաղաղության խաչմերուկ»-ին․ ԵՄ խորհրդի հայտարարությունը |factor.am

factor.am

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այսօր Բրյուսելում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական Միության և Հայաստանի միջև աճող գործընկերությունը վերահաստատելու և առաջ մղելու համար: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի տարածած  հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Անտոնիու Կոշտան և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել են Հայաստանի հավակնոտ բարեփոխումների օրակարգը և արտահայտել իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ժողովրդավարական բարեփոխումներին։ Հանդիպման ընթացքում առաջնորդները ողջունել են ԵՄ-ՀՀ նոր գործընկերության օրակարգի տեքստի վերաբերյալ վերջերս ձեռք բերված քաղաքական համաձայնությունը, որը կարևորագույն հանգրվան է կապերի խորացման իրենց համատեղ հանձնառության մեջ։ Նրանք նաև գոհունակությամբ նշել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը և Հայաստանի կողմից վերջերս ընդունված «Եվրոպական ինտեգրման գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

«ԵՄ-ն վերահաստատել է իր ամուր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի դիմակայունությանը  և երկարաժամկետ զարգացմանը՝ էական ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով: «Գլոբալ դարպաս»՝ The Global Gateway ռազմավարության շրջանակում ԵՄ ներդրումները Հայաստանում այժմ ակնկալվում է հասցնել 2,5 միլիարդ եվրոյի՝ խթանելով ներառական աճը և կապակցվածությունը։ 2024 թվականի ապրիլին հայտարարված 270 միլիոն եվրոյի դիմակայունության և աճի ծրագիրը 50%-ով մեծացրել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսավորումը։ 200 միլիոն եվրոյի դրամաշնորհային օգնության և 70 միլիոն եվրոյի դրամաշնորհային ֆինանսավորման միջոցով ներդրումները խթանելու համար այն շարունակում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին, ոլորտային համագործակցության սերտացմանը և էներգետիկայի, տրանսպորտի և մասնավոր հատվածի ներդրումներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը՝ տարածաշրջանային կապը և հաշտեցումը խթանելու համար: Նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լեյենը նաև գնահատել են Հայաստանի շարունակական ջանքերը Հարավային Կովկասում կայունությունը խթանելու ուղղությամբ, մասնավորապես, Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում շարունակական ներգրավվածության և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի միջոցով, ասվում է հաղորդագրությունում: Առաջնորդները նաև ընդգծել են Հայաստանը Եվրամիության տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններում ընդգրկելու հնարավորության կարևորությունը, մասնավորապես, Սև ծովի ռազմավարության շրջանակում:

Ավելին, նախագահ Կոշտան և նախագահ ֆոն դեր Լեյենը շնորհակալություն են հայտնել Հայաստանին սերտ համագործակցության և պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար։ ՀՀ վարչապետ Փաշինյանի հետ միասին նրանք համաձայնել են շարունակել կոլեկտիվ  ջանքերը այդ ուղղությամբ։ Քննարկումներում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Առաջնորդները ողջունել են ԵՄ-ի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը՝ ընդգծելով խաղաղության, կայունության և ժողովրդավարական դիմադրողականության նկատմամբ իրենց համատեղ հանձնառությունը։ «Անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության, ապատեղեկատվության և կիբեռսպառնալիքների անդրադառնալով՝ ԵՄ-ն առաջարկել է համագործակցել Հայաստանի հետ՝ գնահատելու նրա կարիքները, որոշելու համագործակցության առաջնահերթ ոլորտները և օգտագործելու ԵՄ առկա գործիքները։ Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարել է անկախ լրատվամիջոցները հզորացնելու համար 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»,- ասվում է հաղորդագրությունում։

ԵՄ առաջնորդները ողջունել են այն փաստը, որ Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը։

Վերջապես, առաջնորդները եզրահանգման են եկել, որ այսօրվա հանդիպումը կարևոր քայլ է ԵՄ-ՀՀ հարաբերություններում և կոչ արել  շարունակել առաջընթացը ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի այս աշնանը կայանալիք հաջորդ նիստում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով