news.am
Մենք այս փուլում փողոցային պայքարը դադարեցնում ենք, կփորձենք ավելի մանրամասն քննարկել և ներկայացնել ինչ ձևաչափով ենք անելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության շենքի դիմաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը։
«Շատերը ներկայացնում են, որ քիչ մարդ է դուրս եկել բողոքի, քանի որ շատերի հարցը լուծել են։ Ես հետևյալն եմ ուզում նշել, որ արցախահայությունը հավատ չունի և հիասթափված է։ 9 ամիս մարդիկ բլոկադա են հաղթահարել պատերազմից հետո, ինը ամիս հույս ունեին, որ իրենք կհաղթահարեն և իրենց հայրենիքում կապրեն, և դրանից հետո տեղի ունեցավ նվաստացուցիչ արտագաղթ։ Մարդիկ եկան հայրենիք՝ մտածելով, որ այստեղ կփորձեն իրենց կյանքը դասավորել, բայց այստեղ տեսանք ատելության խոսք արցախցիների նկատմամբ, խտրական վերաբերմունք։
Տեսաք, որ շատ քիչ մարդ դուրս եկավ հանրահավաքի։ Մենք հայտարարեցինք համահայկական օրակարգ, որը փաստորեն չստացվեց։ Մենք ընդունում ենք, որ խորհուրդը հնարավոր է որոշ բացթողումներ և թերություններ ունեցել է, անպայման վերաձևակերպելու ենք, Արցախի ներկայացուցչության շենքից խորհուրդը այս պահից դուրս է գալու։ Մեր քաղաքական կուսակցությունների և գործընկերության մասով այս շրջանակներում դա էլ եք անպայման վերանայելու։
Այստեղ պիտի կանգնած լինեին Արցախի նախկին ու ներկա պաշտոնյաները, ովքեր համարում են իրենց Արցախի ԱԺ պատգամավոր։ Նույն Հայաստանի ընդդիմադիր գործիչները, որոնք պարբերաբար խոսում էին արցախցիների իրավունքներից, շատ քիչ մարդիկ էին հանրահավաքին ներկա եղել։ Ես չգիտեմ դրա պատճառը, մենք մանրամասն գնահատական կտանք»,–ասաց նա։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչն արձանագրեց, որ փողոցային իրենց պայքարի հանրային աջակցություն չկա, հետեւաբար, այս փուլում նստացույցը դադարեցնում են. «Մենք կքննարկենք ինչ ձևաչափով, ում հետ ենք համագործակցելու։ Երբ որ լինի հանրային մեծ պահանջարկ, մենք պատրաստ ենք նորից այդ պատասխանատվությունը վերցնելու, զուտ փողոցային պայքարի մասով եմ ասում»։