Քննարկվել են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ողջունելով հյուրին և շնորհավորելով տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Ժաննա Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի ՄԱԲՀ-ի հետ արդյունավետ և սերտ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԲՀ-ի առաջիկա ծրագրերի շրջանակում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախարարը կարևորել է ՄԱԲՀ-ի աջակցությունը մի շարք նախաձեռնություններին, մասնավորապես՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի մշակման, հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման, ներդրման և առողջ ապրելակերպի դասավանդման բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին:

Նշվել է, որ 2020 թվականից ՄԱԲՀ-ը կրթության բարեփոխումների շրջանակում համակարգել է միջազգային գործընկերների (ՅՈՒՆԵՍԿՕ, ՅՈՒՆԻՍԵՖ, ՊՀԾ) աջակցությունը ԿԳՄՍ նախարարությանը` հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում: Մասնավորապես՝ աջակցությունն ուղղվել է բազմամասնագիտական փորձագիտական խմբի կողմից առողջ ապրելակերպի ուսումնական ծրագրի և ուսուցիչների ձեռնարկների մշակմանը, Տավուշի մարզում հանրակրթության պետական չափորոշչի փորձարկմանը, այդ թվում՝ ուսուցիչների վերապատրաստման կազմակերպմանը և դասապրոցեսի մոնիտորինգի իրականացմանը: Հիմնադրամն իրականացրել է նաև մրցակցային հիմունքներով ընտրված շուրջ 100 մենթորների վերապատրաստում, որոնք աշխատանք են իրականացրել տարբեր դասարանների ուսումնական ծրագրերի և ձեռնարկների մշակման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և կատարած աշխատանքի համար՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է «Առողջ ապրելակերպ» առարկայի շրջանակում ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման կարևորությունը՝ վերապատրաստման դասընթացների կազմակերպմամբ:

ՄԱԲՀ գրասենյակի տնօրեն Լուսինե Սարգսյանը կարևորել է համագործակցությունը կրթության տարբեր մակարդակներում՝ ընդգծելով նաև Հայաստանի բուհերի հետ համատեղ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նշվել է, որ համագործակցության հուշագիր է ստորագրվել Երևանի պետական համալսարանի հետ, որի շրջանակում նախատեսվում է բուհի ժողովրդագրական կենտրոնի հետազոտական կարողությունների զարգացում:

Կարևորելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջարկել է ծրագրերը մոդուլային ձևաչափով ներկայացնելու և հետագայում դրանք այլ բուհերում ևս ներդնելու հնարավորությունը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև բուհերի աշխատակազմերի համար մեթոդական ձեռնարկների պատրաստման և տարածման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով