Ուկրաինան Ադրբեջանին առաջարկել է օգտագործել իր գազի պահեստարանները | factor.am

factor.am   Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է իր ադրբեջանցի գործընկեր Փարվիզ Շահբազովի հետ միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրության և էներգետիկ համագործակցության հետագա քայլերի «ճանապարհային քարտեզի» ստորագրման մասին։ Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 13-ին Բաքվում, որտեղ տեղի է ունեցել ուկրաինա-ադրբեջանական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը, գրում է The Insider-ը։

Կողմերը քննարկել են ադրբեջանական գազն Ուկրաինա մատակարարելու և միջազգային պահեստավորման համար ուկրաինական ստորգետնյա գազապահեստարանների օգտագործման հնարավորությունը։ Գալուշչենկոն ընդգծել է, որ ուկրաինական պահեստարանները, որոնք Եվրոպայում ամենամեծն են, հասանելի են օտարերկրյա ընկերությունների համար «մաքսային պահեստի» ռեժիմով՝ առանց հարկերի և վճարների։

Ուկրաինական պատվիրակությունը Բաքվում հանդիպել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Գալուշչենկոյի խոսքով՝ ուշադրություն է դարձվել էներգետիկ անվտանգության ամրապնդման ռազմավարական նախագծերի մշակման աջակցությանը: Գազային ոլորտից բացի՝ կողմերը քննարկել են վերականգնվող էներգիայի ոլորտում համագործակցությունը: Գալուշչենկոն նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ուկրաինայի էներգետիկ ոլորտին տրամադրված մարդասիրական օգնության համար: Նրա խոսքով՝ նման օգնության ծավալը կազմել է մոտ 42 միլիոն դոլար:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է տրամադրել իր ենթակառուցվածքներն ադրբեջանական գազի Եվրոպա տարանցման համար, սակայն բացառում է ռուսական տարանցման վերականգնման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ինքն այդ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter