Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը | azatutyun.am

azatutyun.am   Միացյալ Նահանգներն առաջարկում է 100 տարով վարձակալել Հայաստանի այն հատվածը, որ Ադրբեջանի արևելյան շրջանները կապում է Նախիջևանին։ Այս մասին ուրբաթ օրը Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմաս Բարաքը։

«Հայաստանն ու Ադրբեջանը վիճում են 32 կիլոմետր երկարություն ունեցող ճանապարհի շուրջ։ Մեկ տասնամյակ է վիճում են 32-կիլոմետրանոց ճանապարհի շուրջ։ Եվ ահա թե ինչ է տեղի ունենում։ Միացյալ Նահանգները գալիս է և ասում. – «Շատ լավ, մենք վերցնում ենք այն։ Տվեք մեզ վարձակալությամբ այդ 32-կիլոմետրանոց ճանապարհը և բոլորով օգտվեք դրանից», – ասել է ամերիկացի դիվանագետը։

Նշենք՝ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ԱՄՆ դեսպանը նկատի է ունեցել ճանապարհի վերահսկողության արտապատվիրակո՞ւմը, ասել է.

«ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։

Վերջին շրջանում հայտնի է դարձել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի բացման ամերիկյան առաջարկի մասին, որը Երևանին ու Բաքվին, ըստ «Քարնեգի» հիմնադրամի, ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմն է արել մայիսի վերջին: Վաշինգտոնի մտահղացման համաձայն՝ կապուղին ամերիկյան ընկերության է պատվիրակվելու, որն էլ, ըստ էության, կլինի «համաձայնագրի երաշխավորը»:

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվել էր մեկնաբանել այս հրապարակումները: Երևանը հաստատել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային ապաշրջափակման վերաբերյալ միջազգային գործընկերներից առաջարկ եղել է, և դրանց շուրջ կան քննարկումներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով