Ռյուտեն ողջունել է Ռուսաստանի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը |armenpress.am

armenpress.am

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կարևոր է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ռուսաստանի նկատմամբ հայտարարված միջոցառումները, որոնք կձեռնարկվեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության պատճառով։ Այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։

Մասնավորապես, Թրամփը հայտարարել է ռուսական էներգետիկ ռեսուրսներ գնող երկրների նկատմամբ երկրորդային 100% մաքսատուրքեր սահմանելու մասին։

«Սա կարևոր է։ Այսպիսով, եթե դուք այսօր Պեկինում եք, Դելիում կամ Բրազիլիայում, և գիտեք, որ սա ձեզ հետ է պատահելու, գուցե, ցանկանաք զանգահարել Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին և ասել. «Հեյ, բարեկամ, մենք դեռ քեզանից ապրանքներ ենք գնում, բայց դու պետք է լուրջ վերաբերվես, երբ խոսքը վերաբերում է հրադադարի, խաղաղության համաձայնագրի կամ այլ բանի շուրջ բանակցություններին, քանի որ մենք բախվում ենք երկրորդային պատժամիջոցների», – ասել է Ռյուտեն։

Նա նաև ողջունել է Ուկրաինայի համար զենք վաճառելու Թրամփի որոշումը։ Ռյուտեի խոսքով՝ սա Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև միասնության հստակ ազդանշան է։

«Եթե այսօր Կրեմլում լինեի, այդքան էլ ուրախ չէի լինի, քանի որ սա հստակ ազդանշան է, որ նախագահ Թրամփը լուրջ է տրամադրված։ Նա խաղաղություն է ուզում։ Նրան դուր չի գալիս այն փաստը, որ Ուկրաինայում այդքան շատ մարդիկ են զոհվում», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Թրամփը հայտարարել է Մոսկվայի դեմ «կոշտ միջոցներ» կիրառելու ծրագրերի մասին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար համաձայնագիր չլինի։

«Մենք շատ, շատ դժգոհ ենք Ռուսաստանից։ Ես դժգոհ եմ։ Մենք շատ խիստ մաքսատուրքեր կսահմանենք, եթե 50 օրվա ընթացքում համաձայնագիր չկնքվի», – ասել է Թրամփը Ռյուտեի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, որի տեսանյութը տարածել է Սպիտակ տունը։

ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ Վաշինգտոնի դաշնակիցները շուտով Ուկրաինային կմատակարարեն Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր։

«Դա արագ կլինի, առաջիկա օրերին։ Կան մի քանի երկրներ, որոնք ունեն այս համակարգերը», – ասել է Թրամփը՝ նշելով, որ նկատի ունի ինչպես հակաօդային պաշտպանության համակարգերի, այնպես էլ դրանց համար նախատեսված հրթիռների մատակարարումը Կիևին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով