Հուլիսի 14-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպան Մոնիկա Սիմոնյանը հանդիպում է ունեցել Ճապոնիայի Արտաքին գործերի պետնախարար Հիսայուկի Ֆուջիի հետ։ Այս մասին հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ճապոնիայի միջև տարիներ ի վեր գոյություն ունեցող բարեկամական, ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առնչությամբ՝ հիշատակելով նաև Ճապոնիայի կողմից մի շարք ծրագրերի միջոցով տրամադրվող շարունակական օժանդակությունը։
Պետնախարար Ֆուջին խոսել է թե՛ երկկողմ, թե՛ միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության զարգացմանը միտված ներուժի մասին։ Նշվել է փոխադարձ այցեր իրականացնելու կարևորությունը՝ այդ համատեքստում որպես առիթ դիտարկելով նաև երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումները՝ ինչպիսին է, օրինակ, «ԷՔՍՊՈ 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսը։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգային իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Դեսպան Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին և խաղաղության համաձայնեցված փաստաթղթին՝ պետնախարար Ֆուջին հույս է հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի, և տարածաշրջանում առկա խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով և ընդմիշտ։