Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ փողերի լվացում։ Այս մասին հայտնում է Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։
«Օրերս ներկայացվել է «մի քանի ընկերությունների գործունեության հետևանքով փողերի լվացման» ակնհայտ անհիմն նոր մեղադրանք՝ առանց որևէ տվյալի: Ակնհայտ է, որ Հայաստանում վերջին շրջանում «փողերի լվացումը» վերածվել է ամենատարածված մեղադրանքի և պարբերաբար կիրառվում է բացառապես քաղաքական հաշվեհարդարի համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ:
Կարապետյանի պաշտպանության խորհուրդն աննախադեպ է համարում, որ Սամվել Կարապետյանի որևէ կոնկրետ գործողություն, որն ինչ-որ կերպ կարող է առնչվել մեղսագրվող արարքի հետ, ընդհանրապես առկա չէ։
«Ստացվում է, որ մեղադրանք է ներկայացվել որևէ ուղիղ կամ անուղղակի մասնակցության, ենթադրյալ միջոցները թաքցնելու կամ խեղաթյուրելու հետ կապված որևէ իրողության բացակայության պայմաններում: Ուշագրավ է, որ մեղադրանքում նկարագրված գործողություններում չի նշվել կառավարչական բնույթի որևէ որոշում, գույքի հետ որևէ առնչություն»,- նշված է հայտարարության մեջ:
Հունիսի 18-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանին կալանավորել երկու ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։