Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ է քննարկվում ճանապարհի արտապատվիրակման համատեքստում՝ ընդգծելով՝ որևէ պայմանավորվածություն չկա

Տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները վերաբացելու կամ ապաշրջափակելու դիրքորոշումն արտահայտել ենք վաղուց, և դա արտահայտված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչ ենք մենք քննարկում հաղորդուղիների ապաշրջափակման համատեքստում․ մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն շահագրգռված է և ուզում է, որ տարածաշրջանում բացվեն տրանսպորտային ենթակառուցվածքները բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրորդ երկրներ և հակառակը, և տարանցիկ փոխանակում։ Այստեղ մենք ցուցաբերում ենք շարունակական հետաքրքրություն և պատրաստակամություն։ Մեր բոլոր քննարկումների մեջ շատ հստակ է, որ մենք բոլոր այդ գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք և կպատկերացնենք ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում։ Կարևոր է սա արձանագրել, որովհետև հետագա ցանկացած քննարկում տեղի է ունենում, տեղի է ունեցել և տեղի է ունենալու այս համատեքստում։ Այսինքն՝ մենք երբեք չենք ունեցել որևէ քննարկում, որ կտրված կլինի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության օրակարգից կամ կհակասի այդ օրակարգին»,- ասաց նա:

Խոսելով որևէ տարածաշրջանային կապուղիների վերահսկողության արտապատվիրակման մասին՝ Փաշինյանն ասաց. «Հենց էսօր ՀՀ-ում արտապատվիրակման շատ հայտնի դեպքեր կան, որոնցից մի մասից գոհ ենք, մի մասից՝ դժգոհ: Օրինակ «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը արտապատվիրակված է: Եվ ես չեմ կարծում, թե այդտեղ որևէ ձևով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը, տարածքային ամբողջականությունը խախտված են: Ջրային համակարգի կառավարումը արտապատվիրակված է, նախկինում ունեցել ենք փորձ՝ «Հայփոստ»-ի արտապատվիրակման, Հայաստանի երկաթուղիների կառավարումը արտապատվիրակված է»:

Նրա խոսքով նրբությունն այն է, որ վերոնշյալ բոլորը շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը: Ապա Փաշինյանը մեկնաբանեց, թե ինչ է քննարկվում Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման համատեքստում

«Քննարկվում է որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ: արող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ինչ ահռելի ներդրումային պոտենցյալ ունի, ինչ ներդրումային հետաքրքրություն կա, բայց նաև որոշակի գործոններով մենք պետք է կարողանան կոնսոլիդացնել ներդրումները: Խոսում ենք ավտոճանապարհների կամ երկաթուղիների մասին կամ երկաթուղու ավտոճանապարհի մասին, բայց խոսք կա նաև խողովակաշարերի, կլինեն նավթամուղ, գազամուղ, խոսք է գնում էլեկտրահաղորդման գծերի մասին, հեռահաղորդակցության մալուխների մասին և այլն: Եվ դա մի տնտեսություն է, որ պետք է կառավարվի, պետք է ստեղծվի, որը պետք է և կարող է լինել Հայաստանի սեփականությունը: Խոսքը այդ տնտեսությունը կառավարելու և դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է:

Խոսվում է վարձակալության, հողի վարձակալության մասին: Մեր օրենսդրությամբ այն, ինչ ես նկարագրեցի, դա կոչվում է կառուցապատման իրավունք, և այդ իրավունքով տրված ներդրումները նաև որոշակի պայմաններում պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են ՀՀ սեփականությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե լիներ մի պայմանավորվածություն, որն արդեն ձեռք բերված լիներ կամ ստորագրված, ինքը դրա մասին բնականաբար կարող էր ասել, ներկայացնում է քննարկումների շառավիղը։

Ապա Փաշինյանն անդրադարձավ «Խաղաղության խաչմերուկ» նախագծում նշված պարզեցումներին . «Մարդիկ հարցնում են՝ որ գրել եք պարզեցում, ինչ նկատի ունեք, նկատի ունենք, օրինակ, տեխնոլոգիաները հիմա շատ զարգացել են, նրանք, ովքեր շատ ճամփորդում են եվրոպական երկրներում, կտեսնեն, որ շատ դեպքերում կենսաչափական անձնագրերի դեպքում անցման բոլորովին այլ կանոններ են գործում տվյալ երկրի իրավազորության շրջանակում եւ այլն, հաջորդը՝ երկրները տարիֆային առաջարկներ են անում բեռնափոխադրողներին, որ իրենց երկրով անցնելն ավելի գրավիչ լինի [տարբեր] առումներով եւ այլն»:

«[Խաղաղության պայմանագրի մասով] կա նաև այդպիսի [նախաստորագրման] գաղափար։ Տեղի է ունեցել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին Հայաստան-Ադրբեջան համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցում և տեքստի շուրջ բանակցությունների ավարտ։ Հիմա, նույն տրամաբանությամբ, էդ թե այլ վերանագրի ներքո մենք Ադրբեջանի հետ հենց էն ժամանակվանից սկսել ենք խորհրդակցությունները՝ լավ, ինչպե՞ս գնալ առաջ, ինչ հնարավոր ճանապարհային քարտեզ կարող է լինել, և սեղանին կա էդ նախաստորագրման գաղափարն էլ։ Դա քննարկվող մենյուի մեջ առկա տարբերակներից մեկն է, ինքը միայնակ չէ, կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի և որոշակի պայմաններում լինել իրատեսական, որոշակի պայմաններում՝ լինել ոչ այդքան իրատեսական։ Ես ուզում եմ հավաստիացնել, որ մենք խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին առաջ գնալու ոչ մի հնարավորություն բաց չենք թողնում և չենք թողնելու, կրկին՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և ՀՀ-ի պետական շահերի աներկբա հաշվառումով։ Բայց մյուս կողմից նաև պիտի հասկանան, որ աշխարհը դինամիկ է, պետք է մոտենալ ճկուն, ուշադիր լինել, որ հանկարծ չստացվի, որ նայում ենք և չենք տեսնում հնարավորություններ, որոնք առկա են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը արտապատվիրակման մասով, Փաշինյանը պատասխանեց. «Երբ մենք խոսում էինք սահմանային և մաքսային հսկողությունների մասին, կար ընկալում, որ Ադրբեջանի քաղաքացիները նման պարագայում կխուսափեն էդ ճանապարհներից օգտվելուց, որովհետև ՀՀ սահմանապահների և մաքսային ծառայության հետ շփումները կարող են որոշակի խնդիրներ առաջացնել, -ին մենք հրապարակային հայտարարությունն ու առաջարկությունն արել ենք, որ պատրաստ ենք էդտեղ կիրառել ֆրոնտ-օֆիս և բեք-օֆիս տարբերակը, որն աշխարհում կիրառվող տարբերակ է, կան երկրներ, որոնք իրենց սահմանային և մաքսային ծառայություններն արտապատվիրակում են այդ ոլորտում գործունեություն ծավալող կամ պրոֆեսիոնալ կամ միջազգային պորֆեսիոնալ կազմակերպությունների։ Այո, էն ժամանակ էդ առաջարկություններն արել ենք, դրանք չեն ընդունվել, բայց վերջին շրջանում նման հարց չի քննարկվել կամ առնվազն եթե լինի հետաքրքրություն նման տարբերակի վերաբերյալ, մենք էլի պատրաստ ենք քննարկել։ Բայց հիմա տեխնոլոգիաները շատ զարգացել են, ինչպես ասացի՝ կենսաչափական անձնագրերի զարգացման հետ կանխատեսումն այն է, որ 5-10 տարի հետո աշխարհի օդանավակայանների և սահմանային կետերի մեծ մասում էդ համակարգն է գործելու, մարդն անձնագիրը մոտեցնելու է և անցնի։ Դա չի նշանակում՝ մարդ չի լինելու, բոլոր ծառայությունները լինելու են տեղում, բայց գործնականում էդ որ եվրցնում, նայում, ձեռք են տալիս, էդ ամեն ինչն արվում ա տեխնոլոգիաներով և ավելի արդյունավետ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև