Հրետանային գնդին մարտական խնդրի են ուղարկել որպես հետախույզներ․ Քիմիկների գործով վկաների հարցաքննությունը շարունակվում է

«Իմ կարծիքով՝ գրավված տարածք [զորք] տանելու իմաստը հետեւյալն է․ տարածքը տվել ենք առանց արյունի, ցույց ենք տալիս, որ տալիս ենք արյունով»,- 44-օրյա պատերազմի մասնակից Վրեժ Հովհաննիսյանի խոսքերն են։

Վերջինս այսպես պատասխանեց Քիմիկների զորամասի գործով ծնողների այն հարցին՝ եթե ադրբեջանական աղբյուրների՝ 2020 թ․ հոկտեմբերի 19-ին հրապարակած տեսանյութից պարզ էր դարձել, որ Զանգելանն արդեն գրավված է, ապա ինչու էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը դրանից 2 օր անց զորք ուղարկում այդ ուղղությամբ։

62-հոգանոց զորքը, հիշեցնենք, 2020թ․ հոկտեմբերի 21-ին մարտական առաջադրանք է ստացել՝ մեկնելու Կիրի հանք տեղանք՝ «սանրում» գործողության։ Ստացվել է այնպես, սակայն, որ նշված վայրում՝ իջնելու փոխարեն զորախումբը խորացել է մինչեւ Զանգելան քաղաք, որտեղ էլ ընկել է շրջափակման մեջ․ զինծառայողներից 5-ը գերեվարվել է, 12-ը՝ սպանվել, 23-ի եւ 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է առ այսօր։

Դատարանում վկաների հարցաքննություններից պարզ է դարձել, որ Կիրի հանքի տարածքում տեղակայված ոստիկանական հենակետում, ինչպես ծրագրված էր, զորքին չեն դիմավորել, իսկ ուղեկցողներն էլ միմյանց պատշաճ չեն փոխանցել այդտեղ կայանելու հրահանգը։

Կատարվածի համար այժմ մեղադրյալի աթոռին են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում։

Վկայի վերոնշյալ հայտարարությունը վրդովեցրեց մեղադրյալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանին։ Վերջինս նկատեց՝ վկան անորոշ խումբ մարդկանց մեղադրում է շատ ծանր հանցագործության եւ անբարոյականության մեջ, ուստի պետք է հիմնավորի իր ասածը․

– Ենթադրենք՝ այդ պահին գրավված է եղել, այսինքն՝ անվերադարձ տվե՞լ են, ուրեմն՝ վե՞րջ, հիմա Ղարաբաղն էլ է տված․․․

– Ես ասացի՝ իմ կարծիքով է տենց,- պատասխանեց վկան։

Պաշտպանի խոսքերն էլ վրդովեցրին տուժողների իրավահաջորդներին։ Դատավորը կոչ արեց չմիջամտել, հակառակ դեպքում ստիպված է լինելու սանկցիա կիրառել․

– Ո՞նց չմիջամտենք, 5 տարի է՝ իմ էրեխուն տարել է․․․ 40 տղու պատասխան պիտի տան․․․ Եթե Ձեզ թվում է՝ առանց մեզ դատ պիտի անեք, սխալվում եք․․․,- զայրացան տուժողների իրավահաջորդները։

Ըստ վկայի դատաքննական ցուցմունքի՝ իրենց չի ասվել, թե կոնկրետ ուր պիտի գնան

Վկա Վրեժ Հովհաննիսյանը պատերազմ է մեկնել զորահավաքի կազմով, ուղարկվել՝ Կապանի հրետանային գունդ։ Մարտական առաջադրանքի մասնակցել է նախ Ջրականում, ապա խնդիր է ստացել քիմիկների անձնակազմի հետ Կիրի հանք տեղանքում «սանրում» գործողության։

- Նախորդ անգամ հարցաքննվելիս Դուք նշեցիք, որ ձեզ ասել են՝ պետք է գնաք Զանգելան։ Տեսեք՝ Զանգելանը քաղաք է, որ ունի մեծ շառավիղ, կոնկրետ ի՞նչ են ասել, ո՞ր հատված պիտի գնայիք,- վկային հարցրեց մեղադրյալ Արսեն Աբգարյանի պաշտպան Դավիթ Դավիդյանը։

- Տեղ չեն ասել, ասել են՝ պիտի գնաք Զանգելան՝ սանրելու, որ տեսնեք՝ թուրք կա թե ոչ, ու կապով ասեք՝ որտեղ ինչ կա։

- Բայց սանրումը որտեղի՞ց պիտի սկսվեր՝ Զանգելանի սկզբից, վերջից․․․

- Դա չեմ հիշում։

- Իսկ դուք ճանապարհը գիտեի՞ք։

- Ոչ,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ ճանապարհի որոշ հատված քնած է եղել։

Վկայի խոսքով՝ իրենք միացել են Քիմիկների 40-հոգանոց զորքին 2 խմբով․ առաջին խմբի ավագը եղել է զինծառայող Գիվին, որ մարտական առաջադրանքի պետք է մեկնել Անդրանիկ Մակարյանի խմբի կազմով, իսկ երկրորդ՝ իրենց խմբինը՝ զինծառայող Լյուդվիգը, որ պիտի մեկներ իրենց հետ՝ Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանի ենթակայությամբ։ Վկան, սակայն, հայտնեց, որ Լյուդվիգն իրենց ավտոբուսում չի եղել, նրան վերջին անգամ զորամասում է տեսել։ Չի տեսել նաեւ ուղեկցողներին եւ  Ռազմական ոստիկանության ծառայողներին։ Դեպքից հետո, երբ նահանջել են եւ հասել Կիրի հանք, այդտեղ հավաքված տղաներից է տեղեկացել, որ իրենք շատ են խորացել․ մինչեւ Զանգելան քաղաք չպիտի հասնեին․ «Ասում էին՝ Կիրի հանքում մարդիկ պիտի լինեին, որ ձեզ դիմավորեին, թե ովքեր, ես չգիտեմ, ասում էին՝ դուք խի եք մեքենայով խորացել, հասել Զանգելան»։

- Բա ինչո՞ւ չեն դիմավորել, - հետաքրքրվեց պաշտպան Դավիդյանը։

- Ես չեմ իմանում, մենք նախապես տեղյակ չենք եղել։

- Ըստ Ձեզ՝ ի՞նչն է եղել պատճառը։

- Իրենցից պիտի հարցնեք՝ ինչի են տարել մեզ առաջ, ով ուղարկել է էնտեղ, ինքը պիտի պատասխանի։

- Իսկ որ կանգնացնեին հանքում, այս ողբերգական դեպքը տեղի կունենա՞ր։

- Չէ, չեմ կարծում։

Վրեժ Հովհաննիսյանի կարծիքով՝ կատարվածը դավաճանություն է

Պաշտպան Դավիդյանը հարցրեց նաեւ՝ Քիմիկների հրամանատար Արսեն Աբգարյանը վկայի հրամանատարը հանդիսացե՞լ է։ Ի պատասխան՝ վկան ասաց՝ ոչ։ Տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանն էլ միջամտեց՝ հարցնելով․

- Հարգելի՛ վկա, ողջ օպերացիան ո՞վ էր ղեկավարում։

- Գեներալ Մակարյանը։

- Այսինքն՝ Դուք գտնվել եք Մակարյանի եւ նրա զորախմբի ենթակայության տակ, ճի՞շտ է։

- Այո։

- Եվ բոլոր այն սպաները, որ եղել են Մակարյանի հետ, նրա ենթակայության ներքո, հանդիսացել են Ձեզ հրամանատար։

- Այո,- իր պատասխանը ճշգրտեց վկան։

Պատասխանելով տուժողների իրավահաջորդների հարցերին՝ վկան հայտնեց՝ իր կարծիքով՝ կատարվածը դավաճանություն է․

- Եթե մեզ դիմավորեին, էսքան բանը եղած չէր լինի, մեզ տարել էին մահվան բերան, որ հետ չգայինք․․․ - Ըստ քեզ՝ դա դավաճանությու՞ն է։ - Բա էդքան տղա, որ էսօր չկա, բա ի՞նչ է։

- Ո՞ւմ կողմից։

- Ով որ հրաման է տվել։

ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դարձյալ արձագանքեց այս պատասխանին՝ հարցնելով՝ եթե հրաման տվողը հրաման է տվել, որ հանքում կանգնեն, կանգնեցնողը չի կանգնեցրել, էլի հրաման տվո՞ղն է դավաճան․

- Դուք Ձեր նախորդ ցուցմունքում նշել եք, որ հանձնարարություն եք ստացել՝ հակառակորդի հետ կոնտակտի մեջ չմտնել, միայն հետախուզել, զեկուցել, բայց այսօր ասացիք՝ քանի որ տվել են առանց արյան, արյուն էր պետք։ Ես հակասություն եմ տեսնում Ձեր այս խոսքերում, որովհետեւ եթե արյուն էր պետք, ենթադրաբար՝ ձեզ չէին ասի՝ կոնտակտի մեջ մի մտեք, այլ ուղղակի հարձակում կպլանավորվեր։

- Եթե ամեն ինչ ճիշտ գծածով լիներ, էդքան բանը չէր լինի։

- Ինչ-որ մեղավոր կա՞, փորձե՞լ եք պարզել՝ ով է, ում սխալի արդյունքում է այս ողբերգությունը տեղի ունեցել։

- Մենք մեր մեջ վերագրել ենք՝ եթե բոլորը լսեին Մակարյանին, ոնց պիտի լիներ, թեկուզ նա վերահսկեր, ամեն ինչ ճիշտ լիներ, այդքան բանը չէր լինի,- պատասխանեց վկան՝ հավելելով, որ ամեն դեպքում, զինտեխնիկա չի տիրապետել, պատրաստ չի եղել գործողության։

Վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում Էական հակասություններ կային

Թե՛ պաշտպան Մակինյանը, թե՛ մեղադրող Արշակ Մարտիրոսյանը վկայի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում էական հակասություններ տեսան, ինչով պայմանավորված դատարանին միջնորդեցին հրապարակել նախաքննական ցուցմունքը։ Դատարանը, լսելով կողմերին, միջնորդությունը բավարարեց։

Արշակ Մարտիրոսյանը հայտնեց, որ նախաքննության ժամանակ վկան հարցաքննվել է 2021 թ․ հոկտեմբերին՝ տալով հետեւյալ ցուցմունքը․

«…2020 թվականի հոկտեմբերի 20 մեր համածառայողներից Գևորգ Նահապետյանը՝ Գիվին, ասեց, որ հավաքվենք պոլկի լսարանում, գեներալ Անդրանիկ Մարգարյանը պետք է գա և ցուցումներ տա մեզ, թե վաղը սպասվելիք գործողության ժամանակ ինչ պետք է անենք։ Գիվին ասեց, որ վաղը Զանգելանում պետք է սանրենք տարածք․ մի 10–18թուրք են մնացել։ Պետք է իջնեինք Կիրի հանքում, ոտքով առաջանայինք, հայտնաբերեինք նրանց և զեկուցեինք ։ Մենք ասեցինք՝ ինչու գեներալ Մակարյանը չգիտի՞, որ մենք հետախույզներ չենք, այլ հրետանավոր էինք, ո՞նց նրանց հետ կռիվ անենք, Գիվին էլ ասեց, որ դրա անհրաժեշտությունը չկա, պիտի հայտնաբերեք ու զեկուցեք։ Ասեց, որ եղել է Անդրանիկ Մակարյանի մոտ և նրա խոսքերն է փոխանցում։ Հետո ասեց, որ մենք կամավորության սկզբունքով ենք մասնակցելու, որևէ պտադրանք չկա։ Դրանից հետո ես, ու էլկի տղաներ, Գիվին էլ մեզ հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել այդ օպերացիային։ Բաժանվել ենք 2 խմբի` 12-հոգանոց և 11-հոգանոց, որից հետո մեր 12-հոգանոց խմբի, այսպես ասած, ավագը հանդիսացավ Լյուդվիգ Հայրապետյանը, իսկ մյուս խմբինը` Գիվին․․․2020 թվականի հոկտեմբերի 21-ի լուսադեմին՝ ժամը 06։00-ի սահմաններում, եկավ նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը և ասաց, որ ինքն անձամբ է մասնակցելու գործողությանը։ Պետք է հայտնաբերենք և զեկուցենք այդ մասին, որից հետո ստանանք առաջադրանք հետագա գործողությունների մասին։ Մեր առջև խնդիր դրվեց իջնել Կիրի հանքում։ Այնտեղ մեզ կմիանան տեղանքին ծանոթ 2-3 հոգի, որոնցից կստանանք ռացիաներ և կհետախուզենք, կհայտնաբերեինք հակառակորդի ուժերին, այդ մասին կզեկուցենք, ու նոր միայն Արսեն Աբգյանի գլխավորած քիմիկների խումբը կառաջանար և կկատարեր իր առջև դրված խնդիրները։Դրանից հետո նստել ենք Արսեն Աբգարյանի խմբի հետ շարժվող 3 ավտոբուսները եւ շարժվել․․․ Քիչ անց, երբ արդեն հասել էինք Զանգելան, սարի վրա մարդ նկատելով՝ Դավիթը գոռաց, սարի վրա գտնվողներն աստիճանաբար շատացան, նույնիսկ մի պահ եկավ, որ մարտը, շատ մոտ տարածությունից էր տեղի ունենում․․․ Մենք, մարտ վարելով, դուրս եկանք դեպի փոքր Զանգելյանի ուղղությամբ, իսկ ընթացքում կրակ ենք վարել հակառակորդի ուղղությամբ։ Մի խոսքով 62 հոգուս կարողացան տակից դուրս գալ 22 հոգի, իսկ 40–ը գերեվարվեցին, ինչպես նաև ավտոբուսի վարորդներից 1-ը»։

Ցուցմունքի հրապարակումից հետո մեղադրող Արշակ Մարտիրոսյանը դիմեց վկային․

- Նախաքննական ցուցմունքում նշել եք, որ հոկտեմբերի 20-ին, երբ Գիվին մոտեցել է եւ նկարագրել է ՝ ուր եք մեկնելու, նշել է, որ պետք է Զանգելանում սանրեք տարածքը, բայց այդ նպատակով իջնեք Կիրի հանքում, որտեղ ձեզ կմիանան տեղանքին ծանոթ 2-3 անձ, հետո քիմիկները իրենց առաջադրանքը կկատարեն։ Մինչդեռ նախորդ դատական նիստի ժամանակ եւ այսօր նշել եք, որ ինչ-որ տեղ պետք է իջնեիք եւ ոտքով գնայիք Զանգելան, եւ ասել եք, որ միայն հետ գալուց եք իմացել, որ չպետք է այդքան խորանայիք։ Ինչպե՞ս կբացատրեք այս հակասությունը։

Վկան դժվարացավ որեւէ բան ասել։ Մեղադրողը հետաքրքրվեց՝ նախաքննության ժամանակ անձա՞մբ է ցուցմունք տվել թե՞ ինչ-որ մեկը իրեն ուղղորդել է։ Վկան հայտնեց, որ ուղղորդում չի եղել։ Ստուգեց ցուցմունքում առկա ստորագրությունը, նշեց, որ իրենն է։  Ենթադրեց, որ նախաքննության ժամանակ ավելի լավ է հիշել կատարվածը։

Հակասության վերաբերյալ հարցեր հղեց նաեւ պաշտպան Մակինյանը․

- Դատարանում ասել եք՝ Մակարյանին չեք տեսել, հրահանգավորում չի կատարվել, իսկ նախաքննության ժամանակ ցուցմունք եք տվել հակառակի մասին։ Սա ո՞նց կպարզաբանեք։Ի պատասխան՝ վկան դարձյալ միայն լռեց։- Քննիչը Ձեզ հուշե՞լ է,- հարցրեց պաշտպանը։- Չէ,- պատասխանեց վկան՝ այս անգամ հետ կանգնելով իր նախաքննական ցուցմունքից,- ուղղակի չեմ հիշում, ես չեմ տեսել Մակարյանին։- Բա ինչի՞ համար եք քննիչի մոտ մանրամասն տվյալներ հայտնել, համ էլ ասում եք՝ չի ուղղորդել Ձեզ։ Ձեզ էդ տվյալները որտեղի՞ց։- Չգիտեմ։- Իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը ձեզ հանդիպել, ճնշել է։- Ոչ։- Հարգելի՛ վկա, ի վերջո իրականությունը ո՞րն է։- Հիմա սենց եմ հիշում,- պատասխանեց վկան։

Տեւական ժամանակ դատավարության մասնակիցներն ու դատարանը փորձում էին հասկանալ՝ որն է վկայի կաշկանդվածության եւ շփոթմունքի պատճառը։ Արդյունքի չհասնելով՝ դատարանը որոշեց նրան ժամանակ տալ մտքերը հավաքելու եւ իր ցուցմունքը ճշգրտելու նպատակով։

Դատական նիստը հետաձգվեց։